Cosmo.am-ը գրում է․
Փոթորիկներ, անսպասելի բռնություն, գլոբալ տաքացում...
Երբեմն թվում է, թե վատ նորությունները 24 ժամ շարունակ են: Ինչպե՞ս պահպանել հանգստությունը նման սարսափելի իրավիճակում:
Վատ լուր լսելով՝ Մարինա Վորոբյովան հեռու չի գնում հեռուստացույցից: Անցյալ տարի տեղի ունեցած Սենդի փոթորիկն այսպիսի ազդեցություն գործեց Նյու Ջերսիում՝ Մորգանվիլում բնակվող միջոցառումների կոորդինատորի վրա: «Ես ռուս եմ, ուստի շատ անհանգստացած էի, թե ինչ է կատարվում ռուսաբնակ տարածքներում՝ Քոնի Այլենդում փոթորկի ժամանակ,- ասում է նա: - Տարված էի այդ լուրով»:
Այնուհետև՝ գարնանը, նա չէր կարողանում մտքից հանել ամեն օր և ամեն ժամ լուսաբանվող՝ Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունը: «Սեպտեմբերի 11-ը խոր ազդեցություն ունեցավ ինձ վրա, և ամեն անգամ, երբ որևէ ահաբեկչություն է տեղի ունենում, անմիջապես մտովի հետ եմ գնում,- ասում է նա: - Դա իսկապես ազդել է ինձ վրա. ամեն անգամ, երբ փողոցի մի կողմում կայանած ավտոմեքենա եմ տեսնում, կարծում եմ, որ այն կպայթի»:
Ծանո՞թ վիճակ է: Բնական աղետներից և տեղի ունեցող հասարակական բռնություններից, թվում է, աշխարհը խենթացել է: Իսկ գուցե ժամանակակից անհանգիստ աշխարհը լրատվամիջոցների միջոցով և շուրջօրյա հեռարձակվող նորություններով սաստկացնում է դրամատիկ իրադարձությունները և մեզ ավելի շատ անհանգստություն պատճառում, քան ի վիճակի ենք հաղթահարել:
Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունից հետո ամերիկացիների 63%-ն օնլայն կամ հեռուստացույցով ուշադրությամբ հետևում էր իրադարձություններին:
Համաձայն Pew Research Center-ի ուսումնասիրության՝ այն վերջին տասնամյակում տեղի ունեցած իրադարձություններից ամենաշատ հետաքրքրությունն էր առաջացրել: Ականատեսներն ուղիղ եթերում խոսում էին տեղի ունեցածի մասին, քննիչների թիմն անընդմեջ տվյալներ էր տրամադրում, Facebook-ում ևս լուրեր սկսեցին պտտվել: Չափազանց շատ լրատվության պատճառով մարդկանց 75%-ը համոզված է, որ ապագայում ահաբեկչության անսպասելի դրսևորումները կդառնան մեր կյանքի մի մասը. մենք ապրում ենք վախի մշտական զգացողությամբ:
Այս անհանգստությունը վարակիչ է: Մարդկանց խմբերի հետ աշխատելիս հոգեբանները նկատել են, որ հույզերի համախմբումը, ինչն անվանում են խմբային տրամադրություն, ավելի շատ ազդում է անձի գործողությունների, այլ ոչ թե հուզական վիճակի վրա: «Մենք սա անվանում ենք հոտային բնազդ,- ասում է կլինիկական հոգեբան, գիտությունների թեկնածու Ստեֆանի Նյումանը: - Եթե երբևէ եղել եք մարդկանց խմբում վատ լուր հայտնելու ժամանակ (օրինակ՝ ափամերձ քաղաքում սպասվող փոթորկի մասին լուր հայտնելիս), ապա հավանաբար նկատած կլինեք, թե ինչպիսի խուճապ է առաջանում, և այդ հույզերը կարծես անկառավարելի են դառնում»:
Մարդկանց 75%-ը համոզված է, որ ապագայում ահաբեկչության անսպասելի գործողությունները կդառնան մեր կյանքի մի մասը:
Մենք ապրում ենք վախի անընդհատ զգացողությամբ:
Ինչո՞ւ են հույզերն առավել շատ ազդում կանանց վրա
Կանայք ավելի են հակված հուզական ալիքների ստացմանն ու փոխանցմանը: Երբ կանայք մտահոգող լուր են լսում, նրանց՝ սթրեսի ենթարկվելու հավանականությունն ավելի բարձր է, քան տղամարդկանց դեպքում: Ուսումնասիրություններով չափվել է կորտիզոլի՝ այդ նյարդային, ջղագրգիռ զգացումներն առաջացնող տատանվող հորմոնի աստիճանը տղամարդկանց և կանանց մոտ մինչև բացասական հոդվածներ կարդալը և կարդալուց հետո: Կանանց մոտ կորտիզոլի ավելացում է նկատվել, մինչդեռ տղամարդիկ ավելի հանգիստ են արձագանքել:
Միայն խորագրերը չեն, որ կարող են մեզ նման վիճակի հասցնել: «Կարելի է տեսնել, թե ինչպես են խիստ դյուրագրգիռ դառնում որոշ կանայք, երբ ցանկանում են վերահսկել իրենց շուրջ կատարվող իրադարձությունները,- ասում է գիտությունների թեկնածու, Freeing Yourself From Anxiety-ի գրքի հեղինակ Թամար Չենսկին: - Նրբազգաց և աջակցող լինելը լավ հատկություն է, սակայն նման հատկություն ունեցող կանայք նաև կարող են պասիվ սթրեսի ենթարկվել»: «Գործընկերների, ծնողների, քույրերի և եղբայրների, ընկերների, աշխատակիցների հետ զրուցելիս կանայք հաճախ զրույցի հուզական «կողմն» են համարվում,- ասում է Չենսկին: - Եթե այդ մարդիկ սթրեսի են ենթարկված, և Դուք հոգատար անձնավորություն եք, ապա նրանց խնդիրները կփոխանցվեն նաև Ձեզ»:
Երբ ընկերները պատմում են Վորոբյովային իրենց խնդիրների կամ աշխատանքային լարվածության մասին, ապա նրա արյան ճնշումը բարձրանում է: «Չեմ կարողանում առանց մտահոգվելու և անհանգստանալու լսել ընկերոջս խնդիրների մասին,- ասում է նա: - Երբ լավագույն ընկերուհիս բաժանվեց ընկերոջից, այնպես էի լաց լինում, որ կարող էի վթարի ենթարկվել»: Վորոբյովան անքնությամբ է տառապում և փորձում է ամեն կերպ կենտրոնանալ իր ուսման վրա: «Ստիպված եմ լինում հինգ անգամ կարդալ, որպեսզի հասկանամ, թե ինչ է գրված դասագրքում»,- ասում է նա:
Ձնագնդի էֆեկտն անհանգստությունից ազատվել չկարողանալու պատճառներից մեկն է: «Անհանգիստ լինելիս օգնության համար դիմում եք ընկերոջը, սակայն նրա հուզական վիճակը կարող է ինքնաբերաբար նաև Ձեզ փոխանցվել, անգամ եթե ցանկանում էիք, որ նա հանգստացներ Ձեզ»,- ասում է Նյումանը: Սա է պատճառը, որ աղջիկների համար գիշերը կարող է սկսվել մտերմիկ զրույցի ժամանակ սիրտը թեթևացնելով և ավարտվել ձանձրույթով: Նյումանն ասում է. «Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդիկ ծայրահեղ հուզական վիճակում են, հաճախ ցանկանում են դուրս գալ այդ վիճակից՝ անգիտակցաբար փոխանցելով նման վիճակն այն մարդուն, ում հետ հուզական առումով կապված են»:
Վերահսկիր
Չնայած բացասական կողմերին, փոքր-ինչ անհանգստությունը կարող է դրական ազդեցություն գործել քեզ վրա: Բրուքլինի SUNY Downstate բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են, որ անհանգստության բարձր մակարդակը պայմանավորվում է կրթվածության բարձր մակարդակով: Հետազոտողները կարծում են, որ անհանգստության միտումը զարգացել է կրթվածության հետ մեկտեղ՝ որպես օգտակար հատկանիշ, որն օգնել է մարդկությանը գոյատևել: Էականը՝ քրոնիկական անհանգստությունից խուսափելն է. ադրենալինի պոռթկումը կարելի է կառավարել այն դեպքում, երբ սթրեսն առաջանում է հազվադեպ, ուժգին պոռթկումով, սակայն երկարատև սթրեսի դեպքում մեր նյարդային համակարգը չի կարող հանգիստ վիճակում գտնվել:
«Մարմինը խուճապի վիճակում է գտնվում,- ասում է Չենսկին: - Եվ եթե այս վիճակը երկար շարունակվի, կարող է ամբողջովին թուլացնել»: Այս վիճակը չվերացնելու դեպքում կարող է վնասվել սիրտդ և ողջ օրգանիզմդ, դա անգամ կարող է թմրամոլության և ալկոհոլային կախվածության պատճառ դառնալ:
Չեսկին առաջարկում է անձի հետ շփման դեպքում (երբ գիտես, որ նրա սթրեսը կփոխանցվի նաև քեզ) մշտապես մտքում կրկնել հետևյալը. «Սա իմ խնդիրը չէ և ինձ չի վերաբերում»: Նաև սահմանափակիր ընկերներիդ հետ շփման ժամանակը: «Այսպես գուցե չկարողանաս համոզել նրանց, որ դա խնդիր չէ, սակայն կարող ես մատնանշել նրանց սթրեսի իրական պատճառը»,- ավելացնում է Չենսկին: Ասա. «Զարմանալի չէ, որ անհանգստությունն ազդում է քեզ վրա. չէ՞ որ դու չես փորձում հաղթահարել քո թուլությունը»: Փորձիր հասկանալ և տարանջատել իրական մտահոգություններդ և այն անհանգստությունը, որը պատել է քեզ: Օրագրի մեջ նշիր մտահոգություններդ, և դրանց պատճառները հասկանալի կդառնան քեզ:
Մասնագետները կարծում են, որ անհանգստության զգացումը թոթափելու ամենաարդյունավետ միջոցը որոշ ժամանակով «անջատվելն» է: Քնելուց առնվազն մեկ ժամ առաջ անջատիր համակարգիչդ, հեռախոսդ և հեռուստացույցը: «Հստակ ժամանակ սահմանիր հաղորդագրություններն ընթերցելու համար,- ասում է Նյումանը: - Դրանից հետո հեռախոսն անձայն ռեժիմի վրա դիր»: Եվ փորձիր հասկանալ, թե ինչպես ես ընկալում լուրերը: Եթե անհանգիստ բնավորություն ունես, «ավելի լավ է թերթ կարդաս, քան հեռուստացույցով նորություններ դիտես»,- ասում է գիտությունների թեկնածու, It Ends With You: Grow Up and Out of Dysfunction-ի հեղինակ, հոգեթերապևտ Թինա Բ. Թեսինան:
Մեդիտացիան և յոգան օգնեցին Վորոբյովային ազատվել անհանգստության զգացումից: «Երբ ամեն ինչ լավ է, փորձում եմ նկատել դա և շնորհակալ լինել,- ասում է նա: - Գուցե անհեթեթ է հնչում, սակայն երախտագիտությունը դարձել է իմ կյանքի հիմնաքարը, և դա ինձ շատ է փոխել»:
Եվս 4 միջոց՝ սթրեսը դադարեցնելու համար
1. Հանգստի տարածք առանձնացրու: Դա կարող է մեդիտացիայի սենյակ լինել, հարմար մի անկյուն կամ պարզապես աթոռ. ընտրիր տարածք բացառապես հանգստի համար, որտեղ չկա ուշադրություն շեղող որևէ բան: Այդ տարածքի հանգստությունը կփոխանցվի նաև քեզ:
2. Ջանք գործադրիր: Ընտրիր անհանգստության զգացումը կառավարելու համար նախատեսված ցանկացած մարզանք և շաբաթը մեկ անգամ զբաղվիր յոգայով, թայ չիով կամ այլ մարզումով, որը նպաստում է ուղեղի և մարմնի կապին:
3. Կառավարիր իրավիճակը: Օրինակ, եթե լսում ես որևէ մեկի՝ մաշկի ուռուցքով տառապելու վախի մասին, և այդ միտքը սկսում է տանջել նաև քեզ, ապա դիմիր բժշկի ու հետազոտվիր: Երբեմն որևէ բան ձեռնարկելը վախեցնում է, սակայն դրա շնորհիվ կարող ես վերահսկել իրավիճակը:
4. Հասկացիր, որ կան բաներ, որոնք չես կարող փոխել: Հանձնվելն անհանգստության զգացումը կառավարելու միջոցներից է: Համարիր, որ ուղեղդ GPS է, որը կարող ես «վերաբեռնել», երբ զգում ես, թե ինչպես են անէական լուրերն ու եղանակին վերաբերող նորությունները պատում այն: