Մոտ մեկ ժամ է, ինչ ֆեյսբուքը չի աշխատում, և ես փորձում եմ վերլուծել ֆեյսբուքի բացակայության պայմաններում ֆեյսբուքի դրական և բացասական ազդեցությունը մեր կյանքի համար.

- Ֆեյսբուքը մարդկանց կտրում է իրական կյանքից՝ տանելով վիրտուալ դաշտ, վիրտուալ շփումներ ձևավորելով տարբեր մասնագիտության տեր, տարբեր սոցիալական ստատուսներ ունեցող և տարբեր ձգտումներ ունեցող մարդկանց միջև: Հնարավորություն է տալիս հնարավորինս հավասար շփում ստեղծել։
- Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս արագ ճանաչում ձեռք բերել՝ սեփական մտքերն արտահայտելու, սեփական գեղեցկությունը կամ անձնական այլ որակներ ցուցադրելով: Այսինքն, ֆեյսբուքն արագ կայանալու հարթակ է:
- Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս փող աշխատել, ամենատարբեր բիզնեսներ ստեղծել և էժան ներդրում անելով՝ մեծ գովազդ ապահովել:
- Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս արագ զարգանալ կայքերին, իրենց լրահոսը ֆեյսբուքում տարածելով՝ ձեռք բերել մեծ լսարան:
-Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս հասարակ մարդուն ներկայացնելու սեփական կարծիքը այս կամ այն մարդու կամ երևույթի նկատմամբ:
- Վերջապես ֆեյսբուքը ստիպում է հանրահայտ մարդկանց և քաղաքական գործիչներին հաշվի նստել հասարակ մարդկանց կարծիքների հետ: Մեծ հաշվով, մոտեցնում է պետական ապարատը հասարակությանը:

Արդյո՞ք ֆեյսբուքի բացակայությունը կվերացնի այս բոլոր շփման ձևերը: Կարծում եմ, մեծ հաշվով, ո՛չ: Ուղղակի ժամանակ է պետք, որ դուրս գանք վիրտուալ կյանքից, չնայած որ վիրտուալ կյանքում ամեն ինչ հեշտ է ու գունավոր, բայց պետք է ապրել իրական կյանքում:
Ես կիսատ եմ թողնում իմ ճառը, քանի որ մինչ ես փիլիսոփայում էի, ֆեյսբուքը վերականգնվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել