Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է։ Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում այն ցավը, որ կրում են հրեաները։ Հոլոքոստի սարսափների ակունքները տանում են դեպի Հայոց ցեղասպանություն։ Հայերի բնաջնջումը նախաձեռնողների անպատիժ մնալու փաստը մեծ խթան էր հետագա բոլոր բռնությունների ու բռնապետների համար։
Լսում եմ Գերմանիայի ղեկավարների ելույթները Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին. միայն ուժեղ պետությունը, ազգը կարող են առերեսվել իրենց պատմության հետ, պատասխանատու լինել, ընդունել նախորդների հանցանքներն ու փորձել սրբագրել անցյալի վատ էջերը։ Գերմանիան ապացուցեց, որ բարձր քաղաքակրթական արժեհամակարգ ունի։
Թուրքիան այսօր կարող է ընտրություն կատարել բարոյական զարթոնքի և ամոթալի պատմության ծանրությունն ուսերին պահելու միջև։ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ստվեր է գցում այդ երկրի, ժողովրդի բարոյական նկարագրի վրա։ Ուզում ենք հուսալ, որ եվրոպական ինտեգրման ուղին բռնած այս երկիրը, այնուամենայնիվ, կհետևի Գերմանիայի օրինակին և ուժ կգտնի առերեսվել պատմական ճշմարտության հետ՝ ընդունելով այդ մեծ ոճիրը և փոխհատուցելով հայերի կրած վնասները։
Ինքնամաքրումը կուժեղացնի Թուրքիային ու թուրք ժողովրդին։ Մնում է՝ նրանք հասկանան դա։