Ռազմական տեղեկատվության հետ կապված խնդիրների մասինMedia.am-ը գրում է․

Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ ռազմական տեղեկատվությունը հասկանալի պատճառներով ամենամեծ ուշադրություն հրավիրողներից է: Այստեղ ունենք հին, արդեն կարծրացած խնդիրներ, ինչպես նաեւ հարցեր, որոնք նոր են ծագել, կարելի է ասել՝ հենց այս նոր տարվա ընթացքում:

Նշենք մի քանի խնդիրներ, որոնք նոր չեն: Ռազմական խնդիրների մասին խոսելիս պետք է հիշենք, որ բանակը ինչ-որ առումով փակ կառույց է եւ երբեք չի էլ կարող բացարձակ թափանցիկ լինել: Բանակի թափանցիկության սահմաններն ուրվագծվում են զինվորականների եւ քաղաքացիական հասարակության քննարկման, նույնիսկ պայքարի ընթացքում:

Սակայն, այսպես թե այնպես, բանակը բացարձակ թափանցիկ չի կարող կատարել իր ֆունկցիաները: Այնպես որ բանակի ներքին խնդիրների մասին հեղինակը կարող է խոսել միայն որպես կողմնակի դիտորդ, հասարակության տեսանկյունից:

ա. Վերջին տարիներին բանակը կարողացավ օպերատիվ եւ հնարավորինս թափանցիկ, հասարակության կողմից վստահություն առաջացնող հանրային կապերի համակարգ ձեւավորել: Սակայն մինչեւ հիմա տպավորություն կա, թե ՊՆ-ի եւ ՊԲ-ի հաղորդակցության ալիքները ներդաշնակ չեն, ինչի պատճառով Արցախում կատարվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակ առ ժամանակ բավական քաոտիկ է լինում եւ ընթացքում նոր հստակեցվում է:

բ. Լուրջ խնդիր է ռազմական փորձագետների պակասը: Փաստացի, ունենք իրավիճակ, երբ ռազմական թեմայից խոսում կամ գրում են մի քանի իրական փորձագետներ եւ բավական մեծ քանակով մարդիկ, որոնք իրավունք չունեն շոշափելու նման թեմաներ, քանի որ T-72-ը С-300-ից չեն տարբերում:

Բացի այդ՝ շատ քիչ են ռազմական թեմայով մասնագիտացած լրագրողները, որոնք պետք է կարողանան սակավաթիվ փորձագետների խոսքը ադեկվատորեն փոխանցել հանրությանը: Որպես հետեւանք՝ մամուլում եւ սոցցանցերում բավական զարմանալի վերլուծությունների կարելի է հանդիպել, որոնք հեռու են իրականությունից: Հաշվի առնելով սահմանային լարվածությունը՝ նման հրապարակումները լավագույն հետեւանքը չեն թողնում հասարակության վրա:

Հարցը նույնիսկ ոչ թե սխալ տեղեկատվություն տարածելն է, այլ այն, որ գրեթե բացակայում են միջնորդները, որոնք հասարակությանը կարող են բացատրել, թե ինչ է կատարվում ռազմական ոլորտում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում եւ այլուր:

Շատ հարցերում հայաստանյան հասարակությունը ստանում է փաստեր եւ դրանց ոչ կոռեկտ, ավելի շուտ՝ քաղաքականացված մեկնաբանություններ, որոնք միայն բարդացնում են իրականության ընկալումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել