Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվում է հոկտեմբերի 5-ին:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակի` Սամվել Նիկոյանի հիմնավորմամբ՝ Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers’ Day), որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.ին` այդ օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետություններում: Հայաստանում Ուսուցչի օրը, ՀՀ կառավարության 2001թ.-ի հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ, նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը` որպես «Ուսուցչի տոն»: Սակայն, ըստ Ս.Նիկոյանի, նկատի ունենալով, որ Հայաստանում գործում է «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքը, նպատակահարմար է հարցը կարգավորել օրենքով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/425588387498670
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել