Իմ թանկագին, սիրելի՛ Հրաչ, լրացավ քո 20-ամյակը, և դու նշելու ես այն ընտանիքից հեռու, քո զորամասում՝ հայրենիքի սահմանները պաշտպանելով: Տղա՛ս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը՝ սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է վեհությամբ ու անասելի հպարտությամբ, որ դու այդ ամենը կատարում ես ամենայն գիտակցությամբ, լրջությամբ, սիրով ու նվիրումով: Որդի՛ս, ես պարծենում եմ քեզնով, քո տղամարդկային ոգով, դու կրում ես Արևշատյանների վսեմ ազգանունը՝ բարձր պահելով այն և քո վարքագծով օրինակ հանդիսանում եղբորդ համար, որ քեզանով ոգևորվելով՝ ցանկանում է օր առաջ համալրել հայոց բանակի շարքերը: Նա վստահեցնում է ինձ. «Մա՛մ ջան, կտեսնես, ես այնպես կծառայեմ, որ դու ինձնով էլ կհպարտանաս այնպես, ինչպես հպարտանում ես Հրաչով»:
Ես երջանիկ մայր եմ, Հրա՛չ ջան, որ կարողացել եմ պապայիդ հետ միասին կրթել ու դաստիարակել ձեզ պես աննման զավակներ, որոնք սիրում, գնահատում և արժևորում են ծնողին, ընտանիքը, հայրենիքը: Որդի՛ս, ինձ համար այս նվիրական օրը ես քեզ մաղթում եմ քաջառողջություն, անսասան կամք, հոգու արիություն, բազկիդ՝ ուժ, մտքիդ՝ սլացքի թևեր, հոգուդ՝ ջերմություն ու տոկունություն, սրտիդ` մեծ սեր:
Տղա՛ս, հիշի՛ր, քո և զինակից ընկերներիդ շնորհիվ ենք մեզ ապահով ու հանգիստ զգում, մեր երկիրը ձեզանով է ուժեղ, և ժողովուրդը ձեր շնորհիվ է ապրում, արարում ու ստեղծագործում խաղաղ պայմաններում: Հրա՛չ ջան, իմ մայրական օրհնանքը քեզ պահապան, որդի՛ս, իմ աղոթքները քեզ զորավիգ, թող քո կյանքի բոլոր արշալույսները խաղաղ լինեն:
Աստված օրհնի ու պահպանի մեր զավակներին, մեր քաջարի հայ զինվորներին:
Համբուրում եմ` քո մայր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Hayzinvoram/photos/a.392683310805889.90156.392660087474878/765636160177267/?type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել