Պաշտպանության բանակի տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ունեցել է 14 զոհ և 20 վիրավոր: Միայն կարելի է ենթադրել, թե եթե այս թվին գումարենք Հայաստանի հետ սահմանին ունեցած զոհերի, ինչպես նաև նախորդ երկու շաբաթների զոհերի քանակը, ինչ մեծ թիվ կկազմի:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի և ՀՀ պաշտպանության նախարարության հունվարի 2-ից հետո տարածած հաղորդագրությունների՝ այս տարի հայկական կողմն ունեցել է 12 զոհ: Միայն այս համեմատությունն ապացուցում է, որ մերոնք համարժեք և դեռ մի բան էլ ավել պատասխան տվել են:
Վերջին շրջանում սոցցանցերում շատ հաճախ կարելի էր հանդիպել գրառումների կամ մեկնաբանությունների, որոնցով օգտատերերն իրենց կասկածներն էին հայտնում համարժեք պատասխանի առկայության մասին: Նրանք դժգոհում էին, թե Հայաստանի պաշտոնյաները միայն խոսում են համարժեք և դեռ մի բան էլ ավել պատասխանի մասին, բայց իրականում ոչինչ չեն անում:
Կա մի հանգամանք, որը ոչ բոլորն են հաշվի առնում: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում կա նախագահի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագիրը, որով կասեցվել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը:
Իսկ Հայաստանում լրատվամիջոցներն այդ առումով ազատ են: Հետևելով մեր լրահոսին՝ կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում սահմանին, և քանի զոհ ու քանի վիրավոր ունենք: Բացի նրանից, որ ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն ամեն օր հաղորդագրություններ են տարածում սահմանում տիրող իրավիճակի մասին, լրագրողները կարողանում են սեփական հետաքննությունների և սահմանամերձ գյուղեր այցելությունների միջոցով պարզել իրականությունը:
Ադրբեջանում նույնպես եղան այդպիսի հետաքննություններ: Մասնավորապես անցած տարվա օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ Ադրբեջանում գերության մեջ հայտնվեց և հետագայում խոշտանգումների արդյունքում մահացավ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նկարահանող խումբը գնաց այն գյուղը, որտեղ հայտնվել էր Պետրոսյանը, խոսեց գյուղի բնակիչների հետ և փորձեց պարզել իրականությունը:
Բոլորս տեսանք, թե դրանից հետո ինչ կատարվեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ: Թղթակիցներից մեկին ձերբակալեցին, ծառայության գրասենյակը փակեցին, մնացած աշխատակիցներին էլ անընդհատ հարցաքննում էին՝ ինչ-որ անհասկանալի մեղադրանք առաջադրելով ռադիոկայանին:
Այդ իսկ պատճառով ադրբեջանական լրատվամիջոցները զգուշանում են իրենց բանակի ձախողումների մասին ինֆորմացիա հրապարակելուց, քանի որ կարող են արժանանալ «Ազատություն» ռադիոկայանի ճակատագրին: Իսկ Հայաստանում նման բան չկա:
Այս ամենից կարելի է անել մի ենթադրություն. եթե կա ինֆորմացիայի պակաս, դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան չի եղել: