Մի պահ պատկերացնենք, որ Գյումրիի սպանդի օրը ոչ ոք չի մտնում Ավետիսյանների տուն ու չի հայտնաբերում իրենց անկողիններում սպանված մարդկանց: Բնականաբար, ի հայտ չեն գալիս Պերմյակովի թողած հետքերն, ու հայտնի չի դառնում Պերմյակով անունը, այլ կերպ ասած՝ զինվորի կողմից հանցագործության կատարումը: Իսկ ռուսական ռազմաբազան չէր կարող չհայտնաբերել փախած զինվորի բացակայությունը: Ի՞նչ էին անելու ռազմաբազայի պատասխանատուները: Իրե՞նք էին «սանրելու» Հայաստանի տարածքը՝ առանց հայկական իրավապահների: Եվ առհասարակ ինչպե՞ս և որտե՞ղ են նրանք փնտրել անհետացած զինվորին մինչև ցերեկվա ժամը տասներկուսը, ենթադրաբար ժամը հինգից սկսած, այսինքն՝ մոտ յոթ ժամ: Տեղեկացրե՞լ են արդյոք նրանք հայ իրավապահներին իրենց փնտրտուքի մասին, թե՞ տեղեկացրել են միայն սահմանային ծառայություններին (կամ առհասարակ տեղեկացրե՞լ են սահմանային ծառայություններին, և եթե տեղեկացրել են՝ ի՞նչ հանձնարարությամբ)։ Հայտնի՞ է արդյոք առանց Հայաստանի իրավապահների «Հայաստանի քաղաքացիական տարածքը» սանրելու նրանց «իրավունքի մակարդակը», որտե՞ղ, ի՞նչ ուժերով, ի՞նչ մարդկանցով: Եղե՞լ են նախկինում Գյումրիի ռուսական ռազմաբազայից «զինվորի անհետացման» նախադեպեր, որքա՞ն ժամանակով, ե՞րբ, ինչպե՞ս են նրանք հայտնաբերվել, որտե՞ղ... Օրինակ՝ մեկ-երկու օրով: Եթե եղել են, հատկապես զենքով զինվորի անհետացումներ, զգուշացվե՞լ են արդյոք Հայաստանի իրավապահներն այդ մասին (զենքը ձեռքին զինվորը միշտ կարող էր վտանգ ներկայացնել քաղաքացիների համար): Իրավունք ունի՞ արդյոք ռազմաբազան Հայաստանի իրավապահներից թաքցնել զենքը ձեռքին զինվորի անհետանալու փաստը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/443396379145977?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել