IMG_6139

1981-ին իմ հայագիտական դասարանի սանուհիներից Գրունիկ Դավթյանին, Ախալքալաքի Վարևան գյուղից (հեյ գիտի, որտե՞ղ ես, քարը պատռի, դուրս արի մեյդան), որ իսկական Անուշն էր Լիլիթ Բլեյանի համար՝ երկար մազերով, գեղջկական, խորոտ, Լիլիթն էլ՝ Դավթի տարիքին, եռանդին, Դավթի նման՝ աշխարհի կենտրոնում, հարցրի.

– Որ չես իմանում՝ ինչ անես, ի՞նչ ես անում:
– Ես միշտ էլ չեմ իմանում՝ ինչ անեմ, բայց մի բան անում եմ,- պատասխանեց…

Իմը՝ իմ չիմանալը, մեկ օր էր, անցավ. օրագիրն իմ այս, առանց անկեղծության կայլայլվի, չի լինի, առանց բարեխղճության էլ՝ կընդհատվի… Այ, փաստ է՝ 217-րդ գիրն է, ու այդքան անգամ ես ես եմ եղել՝ պատմող, դու-դուք՝ ընթերցող, ու այսօրը՝ որպես կյանքի բնականոն ընթացք… Գիշերվա-առտու ժամը 4-ից մեկ ժամից ավելի անցկացրի ինտերնետ աշխարհում. նայեցի 1in.am-ի «Անտինոմիա» հաղորդումը՝ իմ մասնակցությամբ: Երեկ ես «չկայի», ու կարևոր էր այդ արտասովոր վիճակում իմ խոսքը: Ասել եմ այն, ինչ այդ պահին ուզել եմ ասել: Որպես իրավաբանական աջակցություն-լրացում ասածիս, համեցեք, կարդացեք հայտնի փաստաբան Հայկ Ալումյանի այս արձագանքը:

Դավիթ Բլեյանն այնքան հասուն, ձևավորված խոսք ունի, միշտ ինքնաբուխ ու սպասված-հետաքրքիր, որ դժվար է ու անիմաստ, արդեն, խոսքից ինչ-ինչ բաներ կտրելը. պետք է շփվել, հետը լինել Դավթի: Ամենաշատը հիմա ես հավանում եմ նրա ամենօրյա լողը, մարմնամարզիկի ուժի-շնորհքի գլուխկոնծին, հավեսը՝ «իր կուկուների» աշխարհում լինելու: Մի երկու պատառիկ՝ ընթերցողի խնդրանքին անսալով.
– Մայրիկ, իմ հայրիկն իմ պապա՞ն է…
– Ստեփան հորեղբայրը հայրիկի ի՞նչն է…
– Վահեն և Սոնան որտե՞ղ են ապրում…

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ երևի ԱԺ-ում, իսկ Սոնան ցերեկներն ապրում է 2015-ին արդեն վեց տարեկան դարձածների աշխարհում. երեկ մեծ տոնախմբություն էր այդ աշխարհում, իսկ Սոնայի դեմն առնել էլ չի լինի…

– Հայրիկ, Շուշոյի ու Կարինեի մազերը խուճո՞ւճ են… Ինչի՞:
– Այսօր, որ Շուշանի հետ սկայպով խոսես, կհարցնես:

– Դավիթ, իսկ Կարինեն ո՞վ է:
– Տաթոյի ընկերուհին ա…

– Հայրիկ, իմ ատամը ցավում է… արի ասենք կախարդական գուլպային, որ առավոտը մեզ ձու-ձու կակա չբերի. բերի մրգեր, նարինջ, ավտո, խաղեր, գիրք… որ ատամս չցավա…

Իրար ձեռք բռնած՝ հայր ու տղա գնում կանգնում ենք եկեղեցուն նայող պատուհանից կախված կախարդական մեծ գուլպայի կողքին, ինչպես հայտնի շամանի, ու խնդրում… Ժամեր հետո, երբ Դավիթը թարմացած, ուժեղացած կլինի ցնցուղի ջրով, ազատված՝ թավալգլորով հավաքած (ծիծաղեց հիմա քնի մեջ՝ թավալգլոր ա ասում հայրիկը) կեղտերից, սրբիչների մեջ կոլոլված՝ հրաշքի զորությամբ կհմայվի…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել