Qahana.am-ը գրում է․

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայ ազգն աշխարհի հնագույն, բայց փոքրաթիվ ազգերից մեկն է: Ինչո՞ւ է նա այսքան փորձությունների միջով անցնում:

Իսկ ո՞վ ասաց, որ հայ ժողովուրդը հատուկ փորձությունների միջով է անցնում: Բոլոր ազգերն էլ ունեն իրենց փորձությունները, բայց Ավետարանում ասվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի» (Ղուկ. 12.48): Շատ հստակ է. մեզ շատ է տրված, շատ էլ պահանջվում է:

Ինչո՞ւ են անմեղ մանուկները չափահաս մարդկանց վայրագությունների զոհը դառնում:

Պատասխանը և շատ պարզ է, և շատ բարդ, որովհետև չարիքը մտել է աշխարհ և չի խնայում նաև մանուկներին: Ցավոք…

Բեթղեհեմի մանուկների կոտորածով դրա անդրադարձը գտնում ենք Ավետարանում, երբ Հերովդեսն իր հիմարության ցասման մեջ հրամայեց կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի դրանց մեջ լինի նաև Քրիստոս: Սրա բացատրությունը մտնում է չարի գործունեության թույլտվության շրջանակներում. չարը ժամանակավորապես գործելու հնարավորություն ունի ու երբեմն սրախողխող է անում նաև անմեղ մանուկներին: Սակայն դրանով անմեղ մանուկների կյանքը չի ավարտում, այլ շարունակվում է Երկնքի արքայության մեջ, Տիրոջ գրկում՝ ավելի լուսեղեն ու ավելի զվարթ: Սա՛ է մեր հավատքը և մեր համոզմունքը:

 

Եղեռնի, երկրաշարժի բովով անցած ազգի զավակը կարող է իրեն ոտնահարված և թերարժեք զգալ, բայց և կարող է հպարտանալ արհավիրքը հաղթահարելու ներքին կամքով, ապրելու, արարելու աստվածատուր շնորհով: Ձեր կարծիքն այս մասին:

Այո, մենք ապրող ազգ ենք, մենք մեռնող ազգ չենք: Ոտնահարված, թերարժեք զգալու խնդիր չկա: Պետք չէ կենտրոնանալ մեր դժբախտությունների վրա. պետք է կենտրոնանալ մեր հաջողությունների, ձեռքբերումների վրա: Մեր դժբախտությունները նաև մեր մեղքերի, մեր սխալների հետևանք են, պակաս հայրենասիրության հետևանք են, պակաս ազգային թասիբության հետևանք են: Սրանք բոլորը պետք է սրբագրել ու առաջ գնալ:

Հայ ժողովրդի պատմության դառն էջերը շարունակ կրկնվում են, որի վառ օրինակն է Ավետիսյանների ընտանիքի եղեռնագործությունը: Քանի դեռ հասարակությունը չի ստացել իր հարցի պատասխանը, թե՝ ինչո՞ւ սա մեզ հետ պատահեց, չենք կարող խուսափել նման ողբերգությունների կրկնությունից: Ձեր մխիթարիչ խոսքն ու պատգամը հայ ժողովրդին:

Եղածն իբրև հանցագործություն՝ հանցագործություն է, պարզապես մասշտաբը և ձևաչափն ընդունելի չեն, դրա համար էլ մեծ ցավով ենք տանում:

«Ինչո՞ւ սա պատահեց»-ի մեջ մեր ժողովուրդը ոչ մի մեղավորություն, ոչ մի մեղքի բաժին չունի: Տեղի ունեցածը այնպիսի մի եղեռնագործություն է, որտեղ չես կարող չնկատել սատանայի ներկայությունը և գործունեությունը: Մարդը որքան էլ չարիք նյութի, չի կարող առանց պատճառի քնած մանկանը սպանել. դրան ընդունակ է միայն դևը և սատանան: 
Ինչ վերաբերում է ընդհանրապես տարվա չարիքներին, որ մեր գլխին գալիս են, այդ մենք ենք այդպես ընդունում, որ դառն չարիքներ են գալիս: Անկեղծորեն եթե նայենք, մասնավոր այդպիսի իրականություն չկա, երբ փորձանքը գալիս է, թեև ինչպես վերևում ասացի՝ ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է: Հետևաբար, նման փորձություններից խուսափելու համար (որից, անշուշտ, շատ դժվար է խուսափելը) մեզ անհրաժեշտ է սեր, քրիստոնեական վարքագիծ, հանդուրժողականություն, համբերություն և մնացած բոլոր-բոլոր այն առաքինությունները, որոնք քրիստոնյային քրիստոնյա են դարձնում: Սրա հետ նաև արժանապատիվ կեցվածք, պաշտպանվածություն, մեր երկրին տեր լինելու և տեր մնալու հաստատակամություն: Մեր ժողովուրդն այսպիսի տասնապատիկ եղեռնագործություններ է հանդուրժել (այս բառի կրելու, տոկոնության իմաստով): Սա էլ կտանի և այս ցավին էլ կհաղթի: Ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը համբերատար ժողովուրդ է. այս փորձությունը ևս հաղթահարեց: Նման եղեռնագործություններ միշտ ու ամենուրեք էլ կպատահեն, բայց մենք աղոթում ենք, և տա Աստված, որ նման փորձություններ քիչ լինեն: Ես մեր ժողովրդին մաղթում եմ ուժ, կորով, թեև ո՛չ ուժը, ո՛չ կորովը մեր ժողովրդի մոտ երբեք չի պակասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել