Հայ կին դիպուկահարի գնդակից հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդ բանակից հրամանատար է զոհվել հայկական ինքնապաշտպանական մարտի ժամանակ: Հայ կնոջ այս սխրանքը, թերևս, այն դեպքերից է, երբ կարելի է ասել՝ «Կին կա՝ 100 տղամարդ արժե»: Ճիշտ է, մարդկային կորուստ ունենալը ցավալի է՝ անկախ այն բանից, թե որ կողմն է կորուստ ունենում, բայց տվյալ դեպքում մեղավորն ադրբեջանական կողմն է, քանի որ մշտապես նա է հրահրում և սադրիչ գործողություններ կատարում՝ խախտելով հրադադարի պայմանագիրը: Մինչև ե՞րբ պետք է ադրբեջանական կողմը չհասկանա, որ Ղարաբաղը հայկական տարածք է, որ խորհրդային ղեկավարներից մեկի կամոք ու հրամանով բռնակցվել է Ադրբեջանին, և մինչև ե՞րբ պետք է խոշոր գերտերությունները չճանաչեն ԼՂՀ անկախությունը՝ 20 տարուց ի վեր, ու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին պարբերաբար հրավիրեն անպտուղ բանակցությունների, այն էլ առանց երրորդ կողմի (Ղարաբաղի) ներկայացուցչի: Այդ բանակցություններն արդյունք չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ խոշոր գերտերությունները (և անգամ ստրատեգիական դաշնակից Ռուսաստանը) չեն ճանաչում Ղարաբաղը՝ որպես հայկական ինքնավար հանրապետություն կամ Հայաստանի  մաս, որ Հայաստանի հետ միասին մեկ ամբողջություն է կազմում և դրամական միավորով, և Ազգային բանակով: Իսկ մինչ այդ՝ հայ-ադրբեջանական շփման գծում մարդկային կորուստները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել