Հասկանալի է, որ մեզ համար ցանկացած զինվորի կորուստը ողբերգություն է: Եվ դա առաջին հերթին գալիս է ունեցած մարդկային սահմանափակ ռեսուրսներից, մեր քիչ լինելու պատճառով ունեցած գենի պահպանման հետ կապված ենթագիտակցական վախերից: Այո, մեր զինվորների մահը վիճակագրություն չէ, թվային հաշվարկ չէ:
Բայց մենք պետք է գիտակցենք, որ պատերազմական վիճակի մեջ ենք, որ այն չի ավարտվել, որ դա մեր ակամա ընտրությունն է, մեզ պարտադրված ընտրությունը: Իսկ պատերազմում զոհեր են լինում, դրանք անխուսափելի են: Ուղղակի անցած 22 տարիներին մի տեսակ ետ էինք վարժվել դրանից, չէինք ուզում ու չենք ուզում հավատալ, որ այսպիսի օրեր գալու են, ու դեռ հավատում ենք, որ սա ժամանակավոր բնույթ է կրում:
Մենք ինչ-որ առումով ինքներս մեզ խաբում ենք, թե հակառակորդի ունեցած կորուստների քանակը չի արդարացնում մեր կորուստները, ինքնասփոփանքի աղբյուր չէ: Սա ինքնախաբեություն է, որովհետև եթե պատերազմում ենք, եթե գիտակցում ենք, որ զոհերը, ցավալի կորուստներն անխուսափելի են, ուզում ենք համոզվել, տեսնել, որ հակառակորդն առնվազն կրկնակի կորուստներ է ունենում: Եվ դա այն պատճառով չէ, որ ատում ենք մեր թշնամուն՝ ունենալով դրա համար բոլոր հիմքերը: Այլ այն պատճառով, որ եթե պատերազմ է, ուրեմն պարտավոր ենք հաղթել, այլընտրանք չկա: Որ պետք է ցրենք թվային ու տեխնիկական գերակշռություն ունենալու միջոցով մեզ ծնկի բերելու հակառակորդի ունեցած վստահության միֆը: Եվ որովհետև հենց թշնամուն ցավեցնող հարվածներ հասցնելու, վախեցնելու, մեր ձեռք բերածը պահպանելու, որպես ազգ ու պետություն, որպես տեսակ այս երկրագնդի վրա ապրելու և արարելու անհրաժեշտությունն է իմաստավորում մեր տղերքի կորուստը, որ տվել ենք բոլոր ժամանակներում, բոլոր սերունդներից:
Փառք Ձեզ, ԸՆԿԱԾ ԸՆԿԵՐՆԵՐ, ԸՆԿԱԾ ՏՂԵՐՔ: Փառք Ձեզ, ՀԱՅ ՄԱՅՐԵՐ, քույրեր, կանայք ու երեխաներ, որ հիմա սգում եք, ու սգում ենք ձեզ հետ բոլորս: Փառք ՁԵզ, սահմանին կանգնած մեր ԶԻՆՎՈՐՆԵՐ:



