Երևանի միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով. Հենրիկ Նավասարդյան
Քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է միկրոավտոբուսների կրճատման և դրանք ավտոբուսներով փոխարինելու քաղաքականությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Մինչդեռ, ըստ նրա, երբ արդեն իսկ որոշակի քայլեր արվել են և որոշ միկրոավտոբուսներ փոխարինվել են ավտոբուսներով, մեծ է եղել վարչության պետի զարմանքը, երբ 350 հոգուց դիմում է ստացել՝ ետ վերադարձրեք մեր միկրոավտոբուսը, բովանդակությամբ:
«Ինձ համար անսպասելի էր. հասարակությունը, որը մինչ այս մշտապես դժգոհում էր ու պահանջում, որ միկրոավտոբուսները փոխարինվեն ավտոբուսներով, 350 հոգանոց դիմում եմ ստացել, որում թախանձագին խնդրում են, թե այս ավտոբուսները փոխարինվեն միկրոավտոբուսներով»,- ասաց նա:
Լրագրողները քաղաքապետարանի ներկայացուցչին բացատրեցին՝ նրան ուղղված «թախանձագին խնդրանքի»՝ դիմումի պատճառը, քանի որ վատ է ավտոբուսների հաճախելիությունը, դրանք գալիս են, լավագույնը, կես ժամը մեկ:
Հենրիկ Նավասարդյանը հավաստիացրեց, որ նոր ցանցի անցկացումից հետո ավտոբուսների ժամանման ինտերվալը սահմանվել է 10-12 րոպե: Նա նաև խոստացավ, որ դա հետևողականորեն է կիրառվելու:
Բանախոսը նաև խոստովանեց, որ կան դեռևս երթուղիներ, որոնք համալրված չեն նոր ավտոբուսներով. «Կա վարորդների խնդիր, նաև դա է պատճառը, որ նրանց մոտ որոշակի չափով շեղում կա»:
Հենրիկ Նավասարդյանը միաժամանակ ավելացրեց, թե, բնականաբար, ավտոբուսներն ի տարբերություն միկրոավտոբուսների՝ ավելի մեծ ինտերվալով պետք է հաճախեն:
Ի դեպ, Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց՝ տեղյակ է, որ չի պահպանվում միկրոավտոբուսների համար սահմանված ինտերվալը, որը 5-7 րոպե է:
Ըստ նրա՝ Քաղաքապետարանն ամբողջությամբ չի լուծել նաև գերբեռնվածության հարցը, քանի որ ավտոբուսների ներկրման խնդիր կա:
Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը նշեց, որ մասնավորապես, ուշ ժամերին և հանգստյան օրերին տրանսպորտի լուրջ խնդիր կա, բայց միաժամանակ հավելեց, որ այն կլինի իրենց վերահսկողության տակ և սպասարկումը կլինի արդյունավետ:
«Եթե նախկինում հնարավորություն չունեինք անբարեխիղճներին պատժել, այժմ արդեն կարող ենք»,- ասաց նա:
Անդրադառնալով մայիսի 31-ից երթուղային տաքսիների համար անցկացված մրցույթներին, Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրեց, որ անցկացվել է միկրոավտոբուսների երթուղիների 21 մրցույթ, որին մասնակցել են 76 միկրոավտոբուսներ, 62-ն արդեն հաղթող են ճանաչվել, և կշարունակեն սպասարկել ևս 3-ից 4 տարի:
«Մնացած՝ հայտ ներկայացրած 14 երթուղիները չեն բավարարել մրցույթի պայմաններին, մեքենաների քանակը չբավարարելու, ոչ պատշաճ մեքենաներ ունենալու և այլ պատճառներով»,- ասաց նա և նշեց, որ այս երթուղայինների համար կրկնակի մրցույթ է հայտարարված:
Քաղաքապետարանի ներկայացուցչը հիշեցրեց, որ մինչ այս կար 109 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից կմնան 76-ը: Իսկ ավտոբուսային երթուղիները կլինեն 68-ը, այսօր գործում են 35-ը և ևս երեքը ավելացվել են։
«Արդեն իսկ 18-ի համար մրցույթ է անցկացվել և 12-ը հաղթող են ճանաչվել, մյուսների համար մրցույթներ կանցկացվեն հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբեր»,– ասաց նա:
Երևանի քաղաքապետարանը միկրոավտոբուսների մրցույթներից հետո հետագա շահագործման իրավունքից զրկել է 330 միկրոավտոբուսի, որոնք հիմնականում «Երազ» և «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաներն են եղել:
Ի դեպ, մրցույթից հետո վարորդներին նաև զգուշացվել են, որ «մուղամներ չմիացնեն» և լավ պահեն սրահի սանիտարական վիճակը: