Մայրե~ր, մի վնասեք ձեր երեխաներին
Դեռատի կնոջ կյանքում վրա է հասնում երջանկությունը, երբ նա մայրանում է: Մայրանալուց և երեխայի ճիչը լսելուց հետո կնոջ մոտ մոռացվում է ողջ հոգնածությունը և դժվարությունները, որոնք եղել են հղիության ընթացքում: Մոր համար երեխային խնամելը և նրան կրծքին սեղմելը դառնում է ամենահաճելի բանը աշխարհում: Սակայն մինչ այդ երջանկությանը հասնելը, նախ և առաջ հարկավոր է պահպանել անձնական հիգիենան,ճիշտ սննդակարգը և մի շարք այլ կանոններ: 
Հղի կնոջ սննդակարգը պետք է կազմվի հատուկ խնամքով և լինի լիարժեք: 
Հղի կինը կարիք չունի սննդի քանակի զգալի ավելացման և հատկապես հարկ չկա հղի կնոջ սննդակարգում ավելացնել ճարպերը, որն էլ որոշ ժամանակ անց հանգեցնում է օրգանիզմի ճարպակալման: Ընդհակառակը, հղի կինը պետք է հետևի, որ սնունդը հարուստ լինի բոլոր վիտամիններով, A-ից մինչև E, քանի որ զարգացող երեխան մեծ քանակությամբ վիտամինների կարիք ունի: Շատ կարևոր է D վիտամինի առկայությունը,որը պահպանում է ռախիտից,ինչպես նաև` E վիտամինը,որի բացակայության դեպքում հնարավոր է հղիության ընդհատում: 
Սնունդը չպետք է հարուցի գազերի գոյացում և փորկապություն: Հղի կինը պետք է շատ օգտագործի մրգեր, աղցաններ, բանջարեղեն, ինչպես նաև սև հաց և կաթնամթերք:
Ճիշտ չէ այն մոտեցումը, որ հղի կինը պետք է ուտի երկուսի փոխարեն: Ընդհակառակը, եթե նա սնվի վերը նշված սննդակարգով, ապա երեխան կլինի ավելի առողջ և զերծ վնասակար ազդեցություններից: 
Հղիության ժամանակ մորը երեխայից բաժանում է բարակ մի թաղանթ, որը կոչվում է ընկերքային արգելապատ: Այս թաղանթը որոշակի սահմաններում պտղին պաշտպանում է շատ թույներից, որոնք ընդունում է մայրը: Սակայն որոշ թույներ ներթափանցում են այդ արգելքից և վնաս հասցնում դեռևս չձևավորված մանկիկին: Դրանցից են` արդյունաբերական թույները, ռենտգենյան ճառագայթները, և, վերջապես, ալկոհոլը, նիկոտինը, թմրանյութերը: 
Ալկոհոլը արյան հետ թափանցում է ձվարաններ: Մեծ չափաբաժնով ալկոհոլը առաջացնում է պտղի մահացություն: Մոր արյան մեջ առկա ալկոհոլը ներթափանցում է մոր և երեխայի միջև գոյություն ունեցող արգելապատից և մտնում է երեխայի արյան մեջ: Հարբեցող կինը հղիության ողջ ընթացքում իր երեխային ենթարկում է ալկոհոլի վնասակար ազդեցությանը: Հարբեցողների երեխաները ծնվում են արդեն օրգանիզմի ծանր վնասվածքներով: Հայտնի է, որ հարբեցող կնոջ երեխան խոր քուն է մտնում, երբ մայրը երեխային կերակրելուց առաջ մեծ քանակությամբ գինի է խմում: Եթե մորը գինի չտան, ապա երեխան իրեն շատ անհանգիստ է պահում: Սակայն դրա հետ մեկտեղ կաթի մեջ գոյանում են վնասակար նյութեր, որոնք թունավորում են երեխային: Այս պատճառով հարկավոր է նշել, որ նորածին և փոքր երեխաներին խստիվ արգելվում է անգամ մի կաթիլ ալկոհոլ: 
Որոշ մայրեր նորածին կամ փոքր երեխաներին տալիս են գինի, գարեջուր կամ նույնիսկ օղի և հրճվում են, երբ փոքրիկը դրանից հետո հիանալի քնում է: Սակայն նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչ ծանր վնաս են հասցնում երեխային: Երեխաներին պետք է կտրականապես արգելել ալկոհոլի օգտագործումը: 
Ներկայումս եռանդուն քննարկվում է մայրերի և հղի կանանց ծխելու հարցը: Նիկոտինը ամենաուժեղ թույներից մեկն է: Այդ թույնի մի քանի միլիգրամը սպանում է շանը, և բավական է 20-30 միլիգրամ նիկոտին մարդուն վայրկենապես սպանելու համար: Նիկոտինը հատկապես խիստ է վնասում սիրտ-անոթային համակարգը, ստամոքսը և աղիները: 16 տարեկանից ծխել սկսող աղջիկը 46 տարեկանում կանգնում է քաղցկեղ հիվանդության ձեռք բերման վտանգի առաջ և, դեռ, նույնիսկ չհասած 50 տարեկան, մահանում է քաղցկեղից: 
Վիճակագրական տվյալները տեղեկացնում են, որ ծխելը չարաշահող մայրերի երեխաների մոտ հայտնաբերվում են առողջության ակնհայտ խանգարումներ: Առավել խիստ արտահայտված դեպքերում այդպիսի երեխաների մոտ նկատվում են ջղաձգումներ: Ուստի անհրաժեշտ է նշել, որ հղի կինը չպետք է ծխի, կամ պետք է օգտագործի ծխախոտ ամենաչափավոր քանակությամբ: Իսկ կերակրող մորը կտրականապես արգելվում է ծխել:
Այսպիսով, կյանքում ամեն բան այդ թվում և երջանկությունը ձեռք է բերվում մեծ դժվարությամբ: Իսկ երեխաները մեր երջանկությունն են: Ուստի եկենք ապրենք ճիշտ և առողջ` զերծ վնասակար սովորույթներից, որպեսզի ունենանք առողջ զավակներ և երջանիկ ընտանիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել