Yerevan City-ն պահանջում է ցմահ ազատազրկել այդ տականքներին |
ԵՐԵՎԱՆ–Թբիլիսի-Երևան թռիչքի երկու ուղևոր` Վազգեն Անահիտյանը և Ռազմիկ Հասմիկյանը, որոնք կասկածվում են երրորդ երկրից Հայաստան շաքարի ներմուծման փորձ անելու մեջ:
Ոստիկանության լրատվության բաժինը հաղորդել է, որ այս պահին երկու կասկածյալները գտնվում են կենտրոնի ոստիկանական բաժնում: Ականատեսների պնդմամբ՝ երկուսին էլ արդեն զխկել են բաժնում:
«Մենք ստացանք օպերատիվ տեղեկություն, որ Երևան են ուզում ներկրել երկուսից երեք հարուր գրամ շաքար Թբիլիսիից», – պատմում է ոստիկանության` շաքարի ներմուծման դեմ պայքարի բաժնի պետ Արմեն Ալլայանը: «Շաքարային հանցագործությունների դեմ պայքարի արագ արձագանքման թիմը միանգամից ժամանեց օդակայան և գտավ կասկածյալ տականքներին»:
Դեպքի քննության համար կիրառվել են նաև հատուկ պարապած շներ, որոնք հոտով կարողացան հատկորոշել շաքար տեղափոծող ստահակներին: «Նրանք տարիներով պատրաստվում են Yerevan City-ի լավագույն շաքարային պահեստներում», – նշում է կինոլոգ Ահարոն Անյանը:
Իրավապահները հաղորդում են, որ սա արդեն չորրորդ դեպքն է վերջին 12 տարվա ընթացքում
|
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, այդ անասունները փորձում էին տեղափոխել շաքարն ավանդական եղանակով` կուլ տալով շաքարով լցոնված ռեզինե փուչիկներ: «Ռենտգենը ցույց տվեց, որ յուրաքանչյուրը կուլ էր տվել երեք փոչիկ` 100 գրամ շաքար պարունակությամբ», – նշում է քննիչը, – «Մեր մասնագետներն արդեն հանել են յուրաքանչյուր կասկածյալից երկուական փուչիկ (դեղին և կարմիր – խմբ.) և այժմ որոնողական աշխատանքներ են տարվում երրորդ փոչիկի հայտնաբերման ուղղությամբ»:
Աղբյուրների պնդմամբ՝ շաքարի փնտրտուքով այս պահին զբաղվում են ամենաերկար ձեռքերով օժտված հատուկ նշանակության ոստիկանները: «Աշխատանքը դժվար է, իսկ պայմանները` էլի դժվար ու բավական գաղջ, բայց շաքարի ներմուծման դեմ պայքարի համար պատրաստ են վիզ դնել», – նշում է շաքարի հայտնաբերման գծով պատասխանատու Վռամ Դոլգորուկյանցը:
Ֆինանսների նախարարությունը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը օպերատիվ արձագանքի համար: Նախարարության մրցակցության խրախուսման բաժնի ղեկավարն այս պայքարը կարևոր է համարել տնտեսության փխրուն հավասարակշռության պահպանման համար: