Այս գիշեր լարվածությունը գրեթե պիկային է եղել շփման գծի ողջ երկայնքով։ Կարելի է ասել, որ գրեթե լիարժեք պատերազմ է ընթանում արդեն մի քանի օր, որի լիարժեք լինելուն «խանգարում է» միայն այն, որ կողմերը ԴԵՌ ձեռնպահ են մնում ծանր հրետանի, ռազմական տեխնիկա ու ավիացիա կիրառելուց։ Բայց զոհերի ու մարտերի ինտենսիվության առումով սա լիարժեք դիրքային պատերազմ է։
ՊՆ-ի մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ՝ այս գիշեր հատկապես աչքի են ընկել ՊԲ ստորաբաժանումները, որոնք շփման գծի՝ միայն Մարտակերտին հարող գյուղերից մեկի մոտ ոչնչացրել են առնվազն 10 ադրբեջանցու։ Եվս 7 հոգու սատկացրել են Բերդի մոտ տեղի ունեցած մարտում, որը տևել է առնվազն կես ժամ, ու որի արդյունքում մենք էլ, ցավոք, երկու զոհ ենք տվել։ Վստահ եմ, որ էլի զոհեր ունեն ու դեռ կունենան։
Անհանգստացնում է միայն այն, որ լարվածությունը միայն աճում է, ու իրավիճակը հիշեցնում է խիստ ձգված թել, որը ուր որ է պատրաստ է կտրվել։ Բայց վայ ադրբեջանցիներին, եթե այդ թելը կտրվեց։ Ես էլ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է կանգնեցնել մեր բանակին այդ դեպքում։ Բոլոր ծանոթ զինվորականներս ու ժամկետայինները միաբերան մի բան են պնդում՝ բանակում ոգին շատ բարձր ա, ու զինվորությունն էլ, սպայակազմն էլ միայն մի բանի են սպասում՝ համապատասխան հրամանի...
Ասում են՝ չի կարելի պատերազմ ուզել։ Լրիվ համաձայն եմ, բայց երբ դու արդեն պատերազմում ես, իսկ 23 օրում 11 մարտական կորուստը ոչ այլ ինչ է, քան պատերազմ, ապա դու էլ չես կարող պատերազմ ուզել կամ չուզել։ Դու կարող ես հաղթանակ ուզել, իսկ պատերազմը, ուզենք դա, թե ոչ, երբեք չի էլ ավարտվել, այլ ուղղակի պասիվ փուլում էր, որը հիմա գնալով ակտիվանում է։
Փառք մեր տղաներին, ու Աստված նրանց պահապան։ Ծնողներին էլ համբերություն ու տոկունություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/605231506277284
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել