Սա աղետ է: Նկատի ունեմ գինը: Մի հատ հաշվեք քառակուսի մետրի գինը ու կհասկանաք ասածս: Չհաշված շենքի պատմական արժեքը: Եվ ինչու՞ ուղղակի վաճառք:
Այսօրվա կառավարությունը շարունակում է թաքնված սուբսիդավորված ներդրումների քաղաքականությունը: Տնտեսական առումով սա վատ է: Կարճաժամկետ ՀՆԱ աճ, երկարաժամկետ՝ տնտեսությանը հարված:
Բացատրեմ, որ չասեք օդում եմ խոսում:
Տնտեսության մեջ առաջնային պայմաններից մեկը մրցակցությունն է: Նայեք մեր ռեստորանների վիճակը: Պռոշյանը մահանում է: Պատճառը՝ ուրիշ տեղ ռեստորանային բիզնեսը ծաղկում է: Որտե՞ղ՝ Հրազդանի կիրճում: Հրազդանի կիրճում ռեստորանային բիզնեսը ծաղկում է, որովհետև սուբսիդավորված ներդրումներ են անել: Այսինքն պետությունը ոչ շուկայական մեխանիզմով ու գնով տարածքներ է «նվիրել» ոմանց, որոնք էլ կարողացել են հաղթել մրցակցությունը: Հրազդանի կիրճն էլ հանգիստ կմեռնի, եթե կառավարությունը որոշի, որ ասենք քաղաքի կենտրոնում ձեռնտու է ռեստորանային ներդրումները և ուղղակի վաճառքով, շուկայականից ցածր գնով տարածք «վաճառի»: Վարչապետ բազմիցս հայտարարված «ներդրումներ եմ բերումը» դանդաղ գործողության ական է, որը այդ պահին բարձրացնում է ՀՆԱ-ն, բայց ի հաշիվ այլ վայրերի բիզնեսի սպանության և գործազրկության բարձրացման:
Հավել եմ, որ Հայաստանում հյուրանոցները թերբեռնված են, իրականում նրանց վիճակը կրիտիկական է: Ու այս ծրագրից հետո սպասենք առնվազն մի քանի տարի ու հաշվենք, թե քանի հյուրանոց վատ վիճակում հայտնվեց: Կանգնեցրեք այս քաղաքականությունը, սուբսիդավորված ներդրումները տեղի են ունենում ազգային հարստությունների հաշվին: Հյուսիսային պողոտա, ժամանակավոր բուծիկներ ու ռեստորաններ, էժան գներով հատկացված հողատարածքներ, Հաղթանակի զբոսայգում Նոյան տապան, Տաշիրի նախկին բոլոր գործարքները, Մարզահամերգային համալիր: Հերիք է, տնտեսական աճն այլևս ինքնուրույն տեղի չի ունենում: Մտել ենք այն դաշտ, որ միայն կառավարության նման թաքնված սուբսիդիաների պայմաններում է Հայաստանում ներդրումներ կատարվում: Սա նեոսովետական տնտեսություն է: Վախենալու է:
Կից նյութը՝ Lurer.com-ից
Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51 271 006 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: