Մենք` Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներս, մտահոգված լինելով հայրենիքի պաշտպանության` ներքին և արտաքին անվտանգության հիմնախնդրով, անընդունելի ենք համարում այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են կործանարար դերակատարություն ունենալ Հայոց պետականության համար: Պետականություն, որը ձեռք է բերվել մեծաթիվ կորուստների գնով, որը, մեր խորին համոզմամբ, գիտակցում է նաև Շուշիի՝ Առանձնակի գումարտակի հրամանատար հարգարժան Ժիրայր Սեֆիլյանը: Ուստի, այն մարդկանց, ովքեր, առաջնորդվելով նեղ անձնական շահերով, իրենց իսկ խոսքերով, փորձում են «Ամեն գնով վերցնել իշխանությունը» և որի համար պատրաստ են դիմել ամենածայրահեղ միջոցի, առաջարկում ենք հետ կանգնել նմանատիպ սադրիչ նախաձեռնություններից: Ի պատասխան Հիմնադիր խորհրդարանի՝ սույն թվականի հունվարի 21 –ի տարածած հայտարարության՝ մեր պարտքն ենք համարում.

ա) Խորհուրդ տալ, որ նախապես կարծիք չարտահայտել Արցախի երիտասարդների կողմից նախաձեռնվող խորհրդակցության մասին:

բ) Անթույլատրելի ենք համարում մարդկային արժանապատվությունը վիրավորող՝ Ձեր կողմից օգտագործված արտահայտությունները, որոնք որակում ենք որպես օրենքի կոպիտ խախտում:

«Հարյուրամյակը առանց ռեժիմի» շարժման` հունվարի 31-ին կայանալիք ավտոերթի վերաբերյալ տալիս ենք Արցախի երիտասարդական կառույցների դիրքորոշումը.

1.Թուրքիայի նախագահի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված շինծու միջոցառման միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կատարված մեծ աշխատանքին օժանդակելու կարիք չենք տեսնում: Ձեր կողմից ցեղասպանության հարյուրամյակի օրը ակցիաներ անցկացնելով՝ Դուք Ձեր իսկ ասած բառերով «ջուր եք լցնում» մեր դարավոր թշնամու ջրաղացին, որը մեր կողմից դիտվում է որպես ազգադավ գործողություն:

2.Անթույլատրելի է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրադրության, փաստացի պատերազմական իրավիճակում կազմակերպել նմանատիպ հանրահավաքներ, որոնք իրենցից ներկայացնում են սադրիչ գործողություններ և ապակայունացնում են ներքին իրավիճակը:

3.Հիմք ընդունելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2006 թ-ի դեկտեմբերի 10-ին ընդունեց իր երկրի մայր օրենքը` Սահմանադրությունը, որը հստակ կերպով նշում է մեր երկրի պետական սահմանները:

4.Համայն հայությունը միասնական է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ջանքերի արդյունքում ծնված Արցախի հանրապետության պետականության կայացման սուրբ գործում, որը նաև երաշխիքն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը:

5.Օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով կանխելու ենք հասարակությանն ապակայունացնող ցանկացած ուժի մուտքը Արցախ և կոչ ենք անում Հայաստանում գործող այն բոլոր երիտասարդական կառույցներին, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի անվտանգության խնդրով, միանան մեր նախաձեռնությանը:

1. «Հայկի Սերունդ» ՀԿ
2. ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ
3. «Ապառաժ» ԵՀԿ
4. «Առաջ Արցախ» ՀԿ
5. «Հանուն Արցախի» ԵՀԿ
6. Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն (AYDC) ՀԿ

7. Արցախի երիտասարդական խորհրդարան

 8. ՀՅԴ ԱԵՄ

9. «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թև 
10. «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» երիտասարդական թև 
11. ԱրՊՀ ուսանողական խորհուրդ
12. ՀԱԱՀ Ստեփանակերտի մ-ղի ուսանողական խորհուրդ
13. «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողական խորհուրդ

14. «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանողական խորհուրդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել