Տարին դեռ նոր սկսված՝ դառը օրեր ապրեց ողջ հայ ժողովուրդը: Նոր տարվա առաջին օրերին սահմանային անհանգստությունն իր հետևանքն ունեցավ... Կորցրեցինք հայրենիքին արժանի երկու զինվորի: Ապա նոր վերքեր դաջվեցին մեր հիշողության մեջ... Գյումրիում կատարվեց ծանրագույն ոճրագործություն... Մի ամբողջ ընտանիք դաժանորեն կոտորվեց մարդասպանի ձեռքով... Ցավոք, մահացավ նաև հրաշքով փրկված փոքրիկ Սերյոժան: Ընդամենը երկու օր առաջ սահմանին հայրենիքի դիրքերը պաշտպանելիս զոհվեց ևս մեկ քաջ հայորդի: Եվ ահա այսօր տեղեկացանք, որ կրկին կորուստ ենք ունեցել. իր զինվորական պարտքը կատարելիս թշնամու դեմ արիաբար մարտնչելիս ընկել է 33-ամյա հայ զինծառայող: Արձանագրվեց նաև զոհ խաղաղ բնակչության շրջանում, եղան նաև մի քանի զինվոր վիրավորվեցին:
Ճիշտ է՝ հակառակորդը ևս կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն եթե նրանց համար դրանց կյանքերն արժեք չունեն, ապա մենք ազգովի ցավում և սգում ենք մեր յուրաքանչյուր զինվորի համար:
Զարմանալի է՝ վերջին շրջանում հարևան Ադրբեջանը դարձել է չափից ավելի ագրեսիվ և լկտի իր դրսևորումներում, և ավելի ցավալին այն է, որ այս գործելաոճը գնալով սաստկանում և խորանում է: Այդ պետության ղեկավարության վայրահաչոցներին և վախկոտի բնութագրին, սակայն, քաջատեղյակ ենք ոչ միայն մենք, այլ նաև ողջ միջազգային հանրությունը:
Սահմանին նմանատիպ դիվերսիաների և այլ տեսակի կազմակերպված սադրանքների հետևանքով Ադրբեջանը շատ շուտով պատասխան է տալու, և Ալիևն իր պետության հասարակությանը ներկայացնող նպատակային ցուցադրական կոմբինացիաների արդյունքում արձանագրելու է խայտառակ պարտություն, քանի որ հրահրելով և սրելով իրավիճակը, չգիտակցելով տարածաշրջանում համընդհանուր կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գինը՝ հայտնվելու է իր իսկ փորած փոսում:
Ի վերջո, համբերության բաժակը լցվելու է, և Ադրբեջանը ստանալու է արժանի, անսպասելի և ջախջախիչ հակահարված: