Մի տարօրինակ բան կա Գյումրիի Ավետիսյան ընտանիքի սպանդի հետ կապված Հայաստանի պաշտոնատարների ուղերձներում: Տարբեր ձևակերպումներով նրանք ընդամենը «հույս են հայտնում», որ մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան: Այդպիսի բան կարող են ասել «երրորդ կողմերը», ում ձեռքին բան չկա, և նրանց մնում է միայն «հույս հայտնել»: Ահա և ՀՀ ԱԳ նախարարն է երեկ Բրյուսելում ասել, թե «Ինչ վերաբերում է Գյումրիի ողբերգությանը, մենք մեծ հույս ունենք, որ հետաքննության բոլոր ընթացակարգերը կավարտվեն որքան հնարավոր է շուտ, և կատարողները կպատժվեն օրենքի համաձայն»: Ովքե՞ր են այդ «մենքը», որ օրենքի համաձայն՝ հանցագործին պատժվելու կապակցությամբ ընդամենը «մեծ հույս ունեն», ոչ թե «ամեն ինչ պիտի անեն համակողմանի քննության, սպանության շարժառիթների բացահայտման» և, իհարկե, օրենքի շրջանակներում հանցագործներին պատժելու հարցում: Այսինքն՝ հույս հայտնելու փոխարեն կանեն իրենց պարտավորությունները: Թե՞ քանի որ հստակ գիտեն, որ ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում օրենքը չի կիրառվում, իրենք էլ մնում են «հույսի շրջանակներում»: Բայց ամենատարօրինակը ՀՀ նախագահի ասածն էր փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ասված ցավակցական տեքստում. «Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»: Ի՞նչ հատուցման մասին է խոսում ՀՀ նախագահը, ու՞մ կամ ինչպե՞ս պիտի հատուցվի, ո՞վ պիտի հատուցի «այս բոլոր ցավերի ու այս ոճրագորխության համար»: Կարո՞ղ է պատահել, որ նա չի կարողացել զսպել ներքին սրտնեղությունը և հաջորդ սերունդներին է թողնում «հատուցելու» պատգամը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/441917079293907?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել