Ինչպես հիշում ենք՝ տարվա վերջում Կենտրոնական բանկը ներկայացրեց մի ծրագիր, որը ենթադրում էր նոր փոփոխություններ բանկային համակարգում: Մասնավորապես ծրագիրն ուղղված էր բանկերի խոշորացմանը: Կանխատեսելի էր, որ ԿԲ-ի նոր նախաձեռնությունն իր հետ առաջ է քաշելու որոշակի հարցեր: Մասնավորապես մտահոգություններ ունեն ավանդատուներն առ այն, որ կարող են վտանգվել իրենց խնայողությունները, այնպես, ինչպես եղավ բոլորիս ծանոթ 1990-ական թվականների կեսերին:
Հարկ է նշել, որ այս մասով ավանդատուներն անհանգստանալու ոչինչ չունեն: Բանկերի խոշորացումը չի կարող սնանկացման պատճառ դառնալ: Իրոք որ բանկային համակարգում ռիսկերը միշտ բարձր են, սակայն պետք է նշել, որ բանկերի սնանկացումը կարող է պայմանավորված լինել բոլորովին այլ գործոններով: Հայաստանյան բանկերի կապիտալացման մակարդակը բավականաչափ փոքր է։ Դրա պատճառներից մեկն էլ այսպիսի հաստատությունների քանակն է։
Հիշեցնենք, որ ԿԲ նոր նախաձեռնության հետևանքով ավելանալու է բանկային կապիտալի նվազագույն չափը: Սա իր հերթին կարևոր քայլ է համակարգում առկա ֆինանսական հաստատությունների կայունության ամրապնդման և գործունեության արդյունավետության բարձրացման համար: