16-ամյա Մաշայի համար իսկական բանտի էր վերածվել սեփական երկուսենյականոց բնակարանը Մագնիտագորսի կենտրոնում գտնվող էլիտար շենքում։ 2005 թվականից նրա մայրն արգելում էր աղջկան դուրս գալ տնից։ Աղջիկը երբեք դպրոց չի հաճախել, բժիշկների չի դիմել ու անձնագիր չի ստացել։ Հիմա նրա ընդհանուր զարգացածության մակարդակը համապատասխանում է 10 տարեկան երեխայի մակարդակին։ Հիրավի, տարօրինակ պատմություն է։ Տարօրինակ նաև նրա համար, որ երկար ժամանակ, բացի Մաշայի մորից, ոչ ոք չի իմացել նրա գոյության մասին։

– Ես բոլոր բնակիչներին դեմքով ու անունով գիտեմ, իսկ այս բնակարանն իմ մոտ գրանցված է որպես լքված, ու ես վստահ էի, որ այնտեղ ոչ ոք չի բնակվում, մինչդեռ, պարզվում է, որ այսքան ժամանակ այնտեղ երեխա է ապրել, – պատմում է շենքի կոնսյերժը։

Մայրը փոխվել էր դժբախտությունից հետո

Բնակարանի դուռը խարխուլ է, փայտից ու միայն «ազնիվ խոսքի» վրա է մնում։ Զանգը բացակայում է։ Դուռը ծեծելուն ոչ ոք չի արձագանքում։ Մաշան այժմ գտնվում է անչափահասների ռեաբիլիտացիոն կենտրոնում, իսկ նրա 47-ամյա մայրը՝ Նատալյան, ամենայն հավանականությամբ, չի ուզում բացի դուռը ոչ ոքի առջև։

– Մենք Նատաշայի հետ միաժամանակ ենք բնակություն հաստատել այս շենքում՝ 16 տարի առաջ, երբ շենքը նոր-նոր էին կառուցել, – պատմում է հարևանուհի Կլավդիա Ռոմաշինան, – Մաշան այդ ժամանակ դեռ լրիվ փոքրիկ մանկիկ էր, ու այդ բնակարանը գնել էր նրա համար հայրը։ Նատաշան ծննդաբերել էր հարուստ մի բիզնեսմենից, ու վերջինս շատ օգնում էր նրանց առաջին հինգ տարիների ընթացքում։ Ինքը՝ Նատալյան, աշխատում էր որպես գլխավոր հաշվապահ ինչ-որ ընկերությունում։ Նրա հետ շփվելն իրական հաճույք էր, նա կարողանում էր պահել ցանկացած թեմա։ Իսկ հետո նա փոխվեց։ Ամեն ինչ սկսվեց նրանեց, որ նրա սիրելի գործարարն ընկավ ավտոպատահարի մեջ ու ամբողջովին կոտրվեց։ Որպեսզի արտասահմանում վիրահատեին իր սիրելիին, Նատաշան վաճառեց երեք սենյականոց բնակարանը, որը ժառանգություն էր ստացել իր մորից, իսկ ապերախտ գործարարն առողջանալուց հետո թողեց թե՛ Նատաշային՝ իր փոքրիկ դստեր հետ, թե՛ իր պաշտոնական ընտանիքը ու, ի վերջո, ամուսնացավ ինչ-որ երիտասարդ աղջկա հետ։ Վերջին տարիներին մենք իրար հետ չէինք շփվում, որովհետև նա ինձանից 140 հազար ռուբլի էր պարտքով վերցրել ու այդպես էլ չվերադարձրեց, և անգամ դատարանը չօգնեց։

Հարևանների խոսքերով՝ սիրելիի հետ կապված այս պատմությունից հետո Նատալյան դուրս եկավ աշխատանքից, պոլիկլինիկայից վերցրեց դստեր բժշկական քարտը, դադարեց վճարել կոմունալ վճարումներն ու կռվեց բոլոր բնակիչների հետ։ Ալկոհոլ նա չէր օգտագործում, բայց նա միանգամից ծերացավ ու չորացավ։

Հարևանուհին լսել էր մանկան լաց, բայց լռել էր

Թե ուր է կորել երեխան՝ ոչ ոք գլուխ չէր հանում։ Ոմանց մայրն ասել էր, որ հանձնել է դստերը գիշերօթիկ, իսկ այլոց պաատմել էր, որ ուղարկել է մոր մոտ։ Ու միայն նրա ներքևում ապրող հարևանուհին էր, որ համարյա ամեն օր լսում էր մանկան աղիողորմ լացի ձայներ, բայց ոստիկանությանը դրա մասին հայտնել հարկ չէր համարել։

Հայտնի չէ, թե Մաշան էլ որքան կմնար փակի տակ, եթե համայնատիրության աշխատակիցները աղմուկ չբարձրացնեին.

– Աղջիկը հանդիսանում էր այդ բնակտարածքի սեփականատերը։ Երկու տարի առաջ լրացավ նրա 14 տարեկանը, սակայն նա չներկայացավ անձնագիր ձևակերպելու համար։ Մենք սկսեցինք անհանգստանալ։ 2012 թվականի նոյեմբերին դիմում գրեցինք սոցիալական պաշտպանության քաղաքային վարչության պետին՝ երեխային փնտրելու խնդրանքով։ Սակայն 1.5 տարվա ընթացքում այդպես էլ ոչ մի պատասխան չստացանք չինովնիկներից։ Այդ ժամանակ մենք դիմեցինք ոստիկանություն, ու անցած տարվա մայիսին ոստիկանները սկսեցին փնտրել Նատալյային։ Պահանջվեց մի ամբողջ շաբաթ, որպեսզի Նատալյայի հետքի վրա դուրս գան։ Նրանք կնոջ հետ բարձրացան նրա բնակարան ու հայտնաբերեցին այնտեղ կողպված աղջկան։ Նա խիստ հյուծված տեսք ուներ ու ապրում էր անտանելի պայմաններում. կեղտ, թերթերով փակված պատուհաններ, կահույքի իսպառ բացակայություն։ Ասում են, որ երբ նրան հանեցին շքամուտք, նա չգիտեր, թե ինչպես մտնել վերելակի մեջ, – պատմում են համայնատիրության աշխատակիցները։

Մայրը հրաժարվեց բացատրել իրավապահներին, թե ինչու է նա 9 տարի շարունակ աղջկան կողպել տանը։ Միայն ասաց, որ ինքնուրույն կարող է տալ իր դստերն ավելի շատ, քան ցանկացած ուսումնական հաստատություն։ Ի դեպ, Մաշան կարող է հաշվել ու կարդել։

Օրերս դատարանը սահմանափակեց Նատալյայի ծնողական իրավունքները։ Որպեսզի աղջկան մանկատուն չհանձնեն, կինը պետք է առաջիկա կես տարում աշխատանքի տեղավորվի ու վերանորոգի բնակարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել