Armtimes.com-ը գրում է․

Հանցագործությունների թիվը Հայաստանում ըստ տարիների
Հանցագործությունների թիվը Հայաստանում ըստ տարիների

Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը եւ դրան հաջորդած զանգվածային իրադարձությունները զուտ իրավական հարթության մեջ դիտարկելու դեպքում կհանգենք այն եզրակացությանը, որ իրավիճակի գլխավոր մեղավորը մեր իրավապահ մարմիններն են եւ առաջին հերթին՝ ՀՀ ոստիկանությունը:

Դրանում դժվար չէ համոզվել: Մի ամբողջ ընտանիք գնդակահարած Պերմյակովը գիշերով Գյումրիի միջով, ավտոմատը ուսին գցած, քայլել է մի քանի կիլոմետր ու չգիտես ինչպես վրիպել ոստիկանական պարեկների աչքից: Եթե չվրիպեր ու նրան կանգնեցնեին, ողբերգությունը չէր լինի: Սպանությունից հետո Պերմյակովը, ըստ պաշտոնական վարկածի, Գյումրիից ուղղվել է դեպի ՀՀ-Թուրքիա սահման: Քայլել է մի քանի կիլոմետր, բայց ոստիկանությունը նրան չի կարողացել հայտնաբերել, չնայած նա ունի սլավոնական արտաքին եւ խիստ առանձնանում է տեղաբնակներից: Եթե ՀՀ ոստիկանությունը նրան բռներ մինչեւ սահման հասնելը եւ բերման ենթարկեր ոստիկանական բաժանմունք, ռուսական կողմը որեւէ հիմնավորում այլեւս չէր ունենա նրան պահանջելու, եւ ռուսական օրենքներով ու ռուսական կայազորում դատելու հեռանկարը չէր լինի: Իսկ դա նշանակում է, որ չէին լինի նաեւ Գյումրիի զանգվածային ցույցերը, վիրավորները... Ինչպես տեսնում ենք, իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց ՀՀ ոստիկանությունը:

Եւ ահա այստեղ է, որ հարց է բարձրանում մեր ոստիկանության պրոֆեսիոնալիզմի ու կարողությունների վերաբերյալ: Գուցե մենք որպես պետություն չե՞նք կարողանում «լավ նայել» մեր ոստիկանությանը: Այս հարցին պատասխանելու համար դիմենք վիճակագրությանը: Առաջին փաստը, որ անհրաժեշտ է արձանագրել, դա այն է, որ Հայաստանը աշխարհի ամենաոստիկանացված պետությունների շարքում է: ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով, 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 300 աշխատակից: Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 1000 է: Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կա մոտ հազար ոստիկան, ինչը ավելի քան 3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Ոստիկանների մեծ թիվ սովորաբար ունեն խիստ կասկածելի, անհեռանկար, ավտորիտար, տարօրինակ ու էկզոտիկ երկրները: Օրինակ՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 720 ոստիկան ունի Ամերիկյան Սամոա կոչվող երկիրը: Անտիգուա եւ Բարբուդայում այդ ցուցանիշը 733 է: Բահամներում՝ 848, Բերմուդներում՝ 729, Գրենադայում՝ 818, Դոմինիկում՝ 709, Կայմաններում՝ 625, Նաուրուում՝ 800, Սենտ Կիդս եւ Նեւիսում՝ 899 եւ այլն, եւ այսպես շարունակ: Ոստիկանների թվի մեծությամբ աչքի ընկնող այս երկրների անունները շատերիս նույնիսկ անծանոթ են: Իսկ ահա մեզ շատ ծանոթ երկրներում 100 հազար բնակչին բաժին է հասնում շատ ավելի քիչ ոստիկան: Օրինակ՝ ԱՄՆ-ում 256 է, Գերմանիայում՝ 298, Բելգիայում՝ 373, Ավստրիայում՝ 326, Մեծ Բրիտանիայում՝ 307, Ճապոնիայում՝ 197, Ռուսաստանում՝ 285, եւ այլն: Եւ ուրեմն, մենք աշխարհի «ամենաոստիկանացված» ու էկզոտիկ պետությունների շարքում ենք, ու ամենեւին պետք չէ զարմանալ, որ հինգ հոգով որեւէ բողոքի ցույց անցկացնելիս նրանց դեմ հանվում է 50-100 ոստիկան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել