1898026_588279147930506_628044076_n1in.am-ը գրում է․

«Գյումրիի դաժան սպանության գործով նախաքննությունը պետք է իրականացնեին մեր իրավապահ մարմինները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը՝ հավելելով. «Որովհետև ծանր հանցագործություն էր իրականացվել ռազմաբազայից դուրս՝ քաղաքում: Եվ հետո՝ նրան բռնել էին հենց սահմանին, ոչ թե ռազմաբազայի տարածքում: Ինձ թվում է, որ նրան բռնած ռուս զինվորականները նրան պետք է հանձնեին մեր իրավապահներին, զուգահեռաբար քննություն իրականացվեր նաև այն գործով, որը վերաբերում էր նրա դասալքությանը»:

Բայց միևնույն ժամանակ Դիլբանդյանի խոսքով՝ վիճելի հարցեր կան, ՌԴ Սահմանադրության համապատասխան արգելքը, որ իրենք իրենց քաղաքացուն չպետք է հանձնեն: «Սակայն նախկինում եղել են դեպքեր, երբ նրանք իրենց քաղաքացուն հանձնել են, մեզ մոտ դատավարություն է եղել, դատավճիռ է հրապարակվել, որից հետո նոր հանձնել են»,- ասաց Դիլբանդյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ արդյոք Պերմյակովին չպե՞տք է նաև սահմանը ապօրինի հատելու փորձի մեղադրանք առաջադրվեր, քանի որ հենց առաջին օրը հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը հատելիս, Դիլբանդյանն արձագանքեց. «Ես որքան գիտեմ, նրան բռնել են Բայանդուր գյուղի մոտակայքում, երբ դեռ չէր հատել սահմանը: Իրեն սահմանը հատելիս չեն բռնել, սահմանին մոտենալը դեռ չի նշանակում,, որ նա փորձ է արել հատել, դա դժվար ապացուցելի է, այլապես մեղադրանք պետք է առաջադրվեր, քանի որ սահմանն ապօրինի հատելը ենթադրում է քրեական պատասխանատվություն»:

Կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչի խոսքով՝ այլ բան է, որ ռուս զինվորականները մեր երկրի տարածքում օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու իրավունք չունեին, ինչին մենք դեպքի օրը ականատես եղանք, երբ ավտոմատներով զինված ռուս զինվորականները մեր իրավապահների հետ համատեղ որոնողական-քննչական աշխատանքներ էին իրականացնում:

«Ըստ մեր քրեական դատավարության օրենսգրքի՝ համապատասխան քննչական-որոնողական գործողություններ մեր երկրի տարածքում կարող են իրականացնել միայն մեր իրավապահ մարմինները, և ապացույցները պետք է ձեռք բերեն հենց մեր մարմինները»,- ասաց Դիլբանդյանը:

Նա, ի տարբերություն շատ այլ իրավաբանների ու փաստաբանների, համարում է, որ իրավացի է՝ ռուս իրավապահները գործ են հարուցել նաև սպանության հոդվածով, որը եղել է ՀՀ տարածքում: «Հանցագործության փաստը կա, էդ անձը կատարել է նաև այդ հանցանքը, և իրենք պետք է գործ հարուցեին նաև այդ փաստի կապակցությամբ՝ անկախ նրանից, թե այդ սպանությունը որտեղ է կատարվել»:

Մեր հաջորդ հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ 7 հոգու սպաներ մեկ անձ և բոլորին անկողիններում պառկած վիճակում: Եվ արդյոք հնարավո՞ր է, որ կրակոցները հարևաններին լսելի չլինեին, կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչը դժվարացավ մասնագիտական պատասխան տալ:

«Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Այդ բոլոր հարցերի պատասխանը պետք է քննությունը տա: Տեղի զննությունը, նշանակված մի շարք փորձաքննություններ պետք է պատասխանեն այդ հարցերին: Թե չէ՝ վերացական կլինեն իմ ասածները, հետևությունները: Նման քրեական գործերի մասին հետևություններ անելը մի քիչ վտանգավոր է»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գյումրիի սպանության գործի հետ կապված արդեն երկու օր է՝ Հայաստանում է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Այսօր արդեն երկու երկրների քննչական մարմինների երկօրյա քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ փոխհամագործակցված գործողություններ` ապահովելու քրեական գործի քննության համակողմանիությունը: Բացի այդ, աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով որոշում է կայացվել ստեղծել համակարգող մարմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել