Մղձավանջ էր, տարին սկսվեց ամենացավոտ դեպքերով, դիվերսիա, զոհ, դիվերսիա, զոհ, շարունակվեց նույն ձևով։ Միջադեպերը կրկնապատկվում են, բազմապատկվում, այսօր արդեն ութապատկվում, գուցե այսպիսի նորությունները սովորական են դարձել կայքում, լուրում։ Աղետալի է, երբ դեպքի վայրում ես լինում, հոգեհանգստին ու թաղմանը, սարսափելի է։
Վերջին տարիներին չեմ հիշում, թե երբ էի արտասվել, լացել, ինձ թվում էր՝ ցամաքել եմ, պինդ եմ, պարզվեց՝ ավելի խոցելի եմ դարձել։
Գյումրին ավիրվեց, այն ժամանակ ֆիզիկապես, հիմա հոգեպես տանջվում է, ամբողջ Հայաստանն է տառապում, հայերն են ողբում, սովորական մահ չէր, սպանություն էր, մի ամբողջ ընտանիքի, սարսափելի էր երեխայի մահը, սարսափելի էր մտածելը, պատկերացնելը, զգալը։ 
Շատ են հարցերը, քիչ՝ պատասխանները։ Սա մի կողմ, սակայն ինձ համար հակասական էր օգտատերերի վերաբերմունքը՝ ցուցադրել մանկահասակի դագաղը, նկարը... Ամեն անգամ սա թուլացնում էր ամբողջ մարմինս։ 
Սարսափելի էին շահարկումները, հատկապես մի քանի վերլուծություններ, հայտարարություններ, որ տեղին ու ժամանակին չէին, գուցե այլ նպատակ ունեին, սարսափելի էին կեղծիքները, որ իմ շատ գործընկերներ արեցին, սարսափելի էր ամբողջ պատկերը։ Զգաստացա հոգևորականի ելույթից, սթափվեցի, փոխվեց ամեն ինչ, պատկերացումը, մարդկանց վտանգավոր ակտիվությունը։ Խելագարվել կարելի է, մեկ շաբաթում կորցրինք ու գտանք մեզ, կոտրվեցինք ու միացանք, ողբացինք ու զսպեցինք մեզ... Արյունոտ են էս օրերը՝ մանկան, օրորոցային... Պահն անմարդկային է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել