Կյանքն ինչու՞ է շատ դաժան դարձել,
Ինչու՞ են մահերն այսքան շատացել...
Կատաղած ոչխարի տարին մտել է իր տարերքի մեջ: Օր չկա, որ մի վատ լուր չիմանանք, ինչքան էլ ուզում է մեզ համոզենք, որ եթե Նոր տարուն լավ պատրաստվենք, լավ ընդունենք տարվա կենդանակերպին, լավ բաներ կկատարվեն, մեկ է, Թումանյանի ասած՝ «Միշտ մի աղետ, մի վնաս, գալիս են մեզ անպակաս»: Նույնն էլ այսօր՝ վթար Լոռիում, դժբախտ պատահար Քարվաճառում, ու էլի զոհ, էլի վիրավորներ... Դե ճիշտ է, լավ բաներ էլ են կատարվում (համարյա ամեն օր Վանաձորում հարսանիքներ են), բայց վատն անընդհատ սառը ցնցուղով մեզ սթափ է պահում: Տարեվերջին օրն ուղևորվել էի նախատոնական վերջին գնումների, մեկ էլ՝ խնդրեմ, շենքերից մեկում արդեն հուղարկավորությունից վերադարձող, տխուր դեմքեր էին: 1 շաբաթ առաջ Գյումրու ցավալի իրադարձություններն էին՝ ողջ հանրապետությունը ցնցած ոճրագործությունը, մեկ էլ 2 օր առաջ տնից դուրս գալիս շքամուտքում վառվող լույսը գուժեց, որ հերթական հնաբնակ վանաձորցին է մահացել՝ առողջական խնդիրներ պատճառով, ու հիշեցի 1 տարի առաջ մահացած հորս ու 5 տարի առաջ մահացած մորս, որոնք նույնպես սոցիալական ծանր պայմանների զոհ էին: Նույն օրը ծանոթներիցս մեկը տեղեկացրեց, որ մի տարեց կին էլ (եթե, իհարկե, 70-ամյա հասակը կարելի է տարեց համարել) իրենց շքամուտքում կա ու էլի առողջական խնդիրներ է ունեցել: Ինֆարկտներն ու ինսուլտները ոչ միայն շատացել են, այլև երիտասարդացել, 50 տարեկանում անգամ ինսուլտ են ստանում։ Վերջերս մի կին հպարտությամբ հայտնեց, որ Աստծո զորությամբ բուժվել է ինսուլտից, բայց ախտահարված ձեռքը դեռ շատ չի գործում: Հետո ցավով հիշեցի, որ 10-15 տարի առաջ Լոռու մարզի Վահագնի գյուղում մի ամբողջ ընտանիք կոտորվեց՝ մեր ու մանուկով, օրորոցի երեխայով (այնպես, ինչպես Գյումրիում), բայց այդ դեպքին հասարակական շատ մեծ հնչեղություն չտրվեց: Եթե Գյումրիում կատարված հրեշագործությունից հետո ռուսական զորամասի սպայի կոշիկներն ու հագուստը զենքը դեպքի վայրում չթողնվեր, այդ դեպքը, հավանաբար, այդչափ հասարակական հնչեղություն չէր ունենա, իսկ այս պարագայում, երբ զինվորը հանցանքը խոստովանել է (թեպետ դեռ դատարանով չի ապացուցվել նրա մասնակցությունը), ռուսական կողմն էլ խոստովանում է, որ հոգեկան հիվանդներ էլ են զորակոչվում, ուստի հիմա ողջ հանրապետությունը փոթորկված է ու մտահոգ, որ սահմանապահ զորքն ամեն րոպե կարող է զենքն ուղղել խաղաղ բնակչության դեմ: 2007 թվին էլ Լոռու մարզում դատախազ սպանվեց, ու այդ հանցագործությունն այդպես էլ չբացահայտվեց. այնպես, ինչպես մինչ այդ եղածները: Մի քանի օր առաջ թերթերից մեկում վանաձորցի լրագրողը գրել էր, թե լոռեցիք «անթասիբ» են, գյումրեցիների «թասիբը չունեն», որովհետև չեն մասնակցել Գյումրու զոհերի հուղարկավորությանը, Վանաձորում կայացած մոմավառությանն էլ (որի կայանալու մասին շատերը չեն իմացել) մարդկանց մասնակցությունը «պասիվ» է եղել: Եթե լոռեցիներին «անթասիբ» ասեին նրա համար, որ մինչ օրս Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները չեն բացահայտվել, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ (մի քանի թերթեր կամ կայքեր, ֆեյսբուքային օգտատերեր միայն ժամանակ առ ժամանակ հիշեցնում են այդ մասին), բայց այդ նույն տրամաբանությամբ «կարելի» է ողջ հանրապետությանը «անթասիբ» համարել՝ քանի-քանի հանցագործություններ չբացահայտելու փաստերը հասարակական անուշադրության մատնելու համար: Դրա համար էլ կարծիքներ կան, թե ռուսական կողմը հույսը դրել է, որ ժողովուրդը մի քիչ կաղմկի, հետո կխաղաղվի: Ու ակամա հիշում ենք Հրանտ Մաթևոսյանի հերոսի խոսքերն այն մասին, թե ինչով է մարդը կենդանուց տարբերվում. «Կովը հրե՜ն բաց դաշտում արածում է, իսկ հորթին երեկ են մորթել»: 2015թ.՝ հայոց ցեղասպանության շեմին հակահայը ժողովրդի «աչքը վախեցնում» է՝ արհավիրք տեսած Գյումրիում զարհուրելի ոճրագործությամբ, իսկ թուրքն էլ բացահայտ ծիծաղում է ու... Մեր նախագահին հրավիրում ինչ-որ իրենց Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակ նշելու՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Իսկ մի քանիսն էլ նախագահին մեղադրում են, թե ինչու՞ է այդքան արագ արձագանքել և կամ ընդհանրապես արձագանքել: Հիմա եթե չարձագանքեր, այն ժամանակ էլ կասեին՝ «Հլա տես, մենք էլ կասենք՝ նախագահ ունենք, մեզ ձեռ են առնում, մի հատ ձայն չի հանում...»: