Lurer.com–ը գրում է.

Մարին լե Պենը քննադատել է ջիհադիստների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը: Այդ կապակցությամբ իր մտքերը նա շարադրել է The New York Times-ի համար գրված հոդվածում: Լե Պենի կարծիքով՝ ահաբեկիչ Ամեդի Քուլիբալին, որը պատանդներին գնդակահարել էր կոշերային մթերքների սուպերմարկետում, ինքնաձիգը կարողացել էր ստանալ Բելգիայից՝ Ֆրանսիայի սահմաններում մաքսային հսկողության բացակայության պատճառով: «ԵՄ-ի ղեկավարներն այնքան հավատարիմ են մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժման դոգմային, որ ազգային սահմանների հսկողության գաղափարը դիտվում է որպես հերետիկոսություն»,-ասել է լե Պենը: Նույն այդ պատճառով էլ, կարծում է «Ազգային ճակատի» առաջնորդը, Քուլիբալիի հանցակիցը՝ Հայաթ Բումեդիենը, կարողացավ փախչել Սիրիա: Բացի այդ, ըստ ֆրանսիացի քաղաքական գործի, Ֆրանսիայի աշխարհիկ բնույթին և արժեքներին սպառնում է զանգվածային օրինական և անօրինական միգրացիան: Երկիրը չի հասցնում միաձուլել այսքան մեծ քանակությամբ ներգաղթյալների: Բացի այդ, Մարին լե Պենը հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Սիրիայում «առանձին արմատականների» աջակցության և ջիհադիստներին ֆինանսավորող այնպիսի պետությունների հետ դաշինքի դեմ, ինչպիսիք են Քաթարը և Սաուդյան Արաբիան: «Ազգային ճակատի» առաջնորդն առաջարկել է՝ ջիհադիստներին զրկել քաղաքացիությունից, վերականգնել ազգային սահմանների հսկողությունը և բացարձակ անհանդուրժողությամբ վերաբերվել այն վարքագծին, որը չի համապատասխանում աշխարհիկության սկզբունքին և ֆրանսիական օրենքներին: «Առանց դրա արմատականության դեմ պայքարում ոչ մի լուրջ քաղաքականություն հնարավոր չէ»,-եզրակացրել է լե Պենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել