Lurer.com-ը գրում է․
Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն զգալիորեն աճել է:
Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտի (lfor) հրապարակած հարցման համաձայն՝ պետության ղեկավարի ժողովրդականությունը համաքաղաքացիների շրջանում հասնում է 40 տոկոսի: Այսպիսով, աճը կազմել է ավելի քան 20 տոկոս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիայի պատմության մեջ այսչափ կարճ ժամանակում ժողովրդականության վարկանիշի նման սրընթաց աճը ռեկորդ է»,-«Ֆրանսպրես» գործակալությանն ասել է lfor-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին:
Հարկ հիշեցնել, որ ավելի վաղ Ֆրանսուա Օլանդին ևս մեկ ռեկորդ էր պատկանում: Դեռ անցած տարվա աշնանը նախագահի ժողովրդականությունն ընկել էր մինչև 13 տոկոսի նշագիծ, ինչը երբեք չի եղել Հինգերորդ հանրապետության գոյության ողջ ժամանակաշրջանում: Դեռ ավելին, մխիթարական չէին 2017 թվականի կանխատեսումները, երբ Ֆրանսիայում պետք է կայանան հերթական նախագահական ընտրությունները: Ֆրանսիացիների մեծամասնությունը հայտարարել էր, որ ներկայիս տնտեսական իրադրության և գործազրկության պահպանման պայմաններում իրենք չեն ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի երկրորդ ժամկետի համար:
Մինչդեռ այժմ ազգը դժվարին պահին համախմբվել է իր ղեկավարի շուրջը, արձանագրում են ֆրանսիացի դիտորդները: Դա, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վերաբերել է նաև կառավարության ղեկավարին. ահաբեկչական գործողություններից հետո լրջորեն աճել է վարչապետ Մանյուել Վալսի վարկանիշը, որի գործունեությանը ներկայում հավանություն է տալիս ֆրանսիացիների 60 տոկոսը: