Yerkir.am-ը գրում է․
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին: Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհանգստացնող հարցերին: Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումը, որով խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է: Նախարարը, բացատրելով տեղափոխման ընթացակարգի մանրամասները, նշել է, որ դիմում-խնդրանքին կից նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթեր չէին ներկայացվել, ուստի արդարադատության նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել Հ.Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը: Լսելով հարազատներին հուզող մի շարք հարցեր՝ նախարարը նրանց տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունից դիմումի վերաբերյալ պատասխան է ակնկալում: Նա հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



