Կլինի անհատ թե հավաքական մարդ, իր գոյության ընթացքում չի ապրել մի վիճակ, որի մեջ իրեն դժգոհ չզգար և չձգտեր դեպի ավելի լավը: Բայց բավական չէ միայն նպատակադրվել, պիտի նաև իմաստությամբ ընտրել կարողանալ դեպի նպատակը տանող ճամփան: Անհատը և հասարակությունը թելադրվում են իրենց կարիքներից՝ ունենալու ավելին, քան ունեն, լինելու ավելին, քան կան ու պիտի առաջնորդվեն իմաստությամբ, եթե չեն ուզում իրենց բովանդակ կյանքը սպառել անվերջ թափառումների ու պրպտումների, փորձերի և փորփրանքների մեջ: Անսխալ պայքարի ընթացքում մարտնչող հոգին լցվում է հաղթական ուրախությամբ՝ զորեղացնելով աշխարհի հետ կռվի բռնվածի թևն ու թափը: Տառապանքը՝ այն է հույսի և ներքին ուրախության չգոյությունը, հետևանքն է ընդունայն, անիմաստ պայքարի, որի վախճանը չի տեսնվում, որի հաջող ելքին չի հավատում պայքարողը, զուր պայքար, որի ընթացքում գլուխ է բարձրացնում հուսահատությունը և հարվածում մարտնչողի ոգուն: Ժողովուրդները տառապել են ու կտառապեն իրենց առաջնորդ տարրերի անիմաստությունից: Իսկ անզոր են բոլոր այն ժողովուրդները, որոնց գաղափարախոսական և վարիչ առաջնորդությունը չգիտե, որ կյանքի օրենքը պայքարն է, և որ այդ պայքարն արդիական բացատրությամբ կոչում են գոյության կռիվ: Ասել է թե՝ ԵՂԻՐ ԱՅՆՊԻՍԻՆ, ՈՐ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՔԵԶ ՀԱՐԳԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՄ. ԱՅՍՊԵՍ ՊԻՏԻ ԹԱՐԳՄԱՆԵԼ ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Պարզապես հիշեք սրանք՝
. Ամեն առաջնորդը ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը:
. Ուր ճշմարիտ մտավորականությունը առաջնորդի իր դերի մէջ չէ՝ այնտեղ կույր է ժողովուրդը, նաև՝ պառակտուած:
. Հայությունը դեռ չի հասկացել, որ հայկական հարցի սկիզբն ու վախճանը հոգեվերանորոգված հայ անհատն է:
. Քաղցրորեն ստել ու կեղծել իր ժողովրդին՝ մանիլովշչինա. ահա հայրենաքանդ այն տկարությունը, որով բռնված է հայ մտավորականության իմաստասիրորեն կույր և անցեղաշունչ մասը:
. Հայաստանը կարոտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրության:
. Չեմ ճանաչում, նմանապես, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրությունը բովանդակությամբ այնքա՜ն աղքատ լիներ, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի մոտ: Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կբավե մեկին միջակ հռետոր դարձնելու:
Բոց ու խանդ՝ որքան ուզեք, բայց ծույլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրությունը:
. Շատերը հայրենիքը փնտրում են ամպերում, միստիկ մշուշի մեջ, երբ դա այնքա՜ն մոտ է մեզ՝ մեր ուշադրության, նուիրումին, պաշտամունքին կարոտ: Շատերի համար Հայաստանը դեռ մի գաղափար է, մի ամնեզիա, մի սիոն, մի զոհասեղան:
. Հայոց հայրենասիրությունը կրում է տոնական, հանդիսային, ազնվապետական բնույթ: Դա հարմար է հռետորության և տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ոչ և Հայաստանի ու հայության համար: Հայաստանը պետք ունի հանապազօրյա և զոհահոժար հայրենասիրության:
. Մեր հայրենիքի դժբախտության ներքին պատճառներից գլխավորը հայ մարդու մեկ օրվա համար նախատեսված ստահայրենասիրությունն է: