Aragac-Saxatelyan1in.am-ը գրում է․

Կիրակի օրը Վայոց ձորի Վայք քաղաքում քաղաքապետի ընտրություն էր: Ընտրությանը մասնակցած 2105 ընտրողից 1924-ը ձայնը տվել է միակ ՀՀԿ-ական թեկնածուին՝ Արագած Սաղաթելյանին:

Սաղաթելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հանրապետական կուսակցությունը մեծ ներդրում ունի իր առաջադրման և ընտրության հարցում, դրան զուգահեռ վայելում է նաև վայքեցիների համակրանքը, սակայն չի կարող ասել, թե ինչու միայնակ մասնակցեց ընտրությանը:

«Ես դա չեմ կարող ասել: Չգիտեմ՝ ինչու ուրիշները չցանկացան մասնակցել: Գուցե մտածեցին՝ չեն հաղթի, կամ այլ պատճառներ են եղել: Չգիտեմ անկեղծ»,- ասաց Սաղաթելյանը:

Վերջինս նշեց, որ ծանոթ է քաղաքի խնդիրներին: Ասֆալտապատման, փողոցների լուսավորման և բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնց լուծումը իր համար կդառնա առաջնահերթ: «Բայց ես հիմա ընդհանրապես չեմ ուզում շատ խոստումներ տալ: Ավելի լավ է՝ այդ աշխատանքները կատարեմ, նոր ասեմ, քան խոստանամ, թե կանեմ»,- ասաց նորընտիր քաղաքապետը:

Նշենք, որ Վայքի քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ:

Նշենք նաև, որ որևէ այլ կուսակցություն Վայքի քաղաքապետի ընտրությանը թեկնածու չէր առաջադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել