Մեր հասարակության մի ստվար զանգված ունի հանրային ինքնագիտակցության մի ֆունդամենտալ հիմնախնդիր՝ պարբերաբար չի գիտակցում իր տեղն ու դերն աշխարհաքաղաքական շախմատի խաղատախտակին։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ ամեն հայ էլ չափից դուրս շատ է ապրում մեր անցյալով՝ մոռանալով ներկան ու ներկայում առկա իրադարձությունը, ինչպես նաև նրանով, որ հայերից շատերի մոտ աշխարհայացքային ու արժեքային խառնաշփոթ է տիրում։
Սիրելիներս, պետք է հասկանալ մեկ շատ պարզ ու դառը իրականություն։
Մենք գերտերություն եղել ենք, բայց դա եղել է 2000 տարի առաջ։ Հիմա մենք գերտերություն չենք, ու որքան էլ աղաղակեն ոմանք ու պոպուլիստական ճառեր կարդան՝ աշխարհը չի պտտվում շնորհիվ մեզ, մեզ համար ու մեր կամքով։ Կան խաղի օրենքներ, որոնք, ցավոք, մենք չենք որոշել, բայց մենք խաղում ենք այդ խաղն ու կրկին անգամ, ցավոք սրտի, մենք աշխարհակալ պետություն չենք այժմ, որպեսզի ընթացքից փոխենք դրանք։
Ես զազրում եմ այն ստրկամիտներից, ովքեր իրենց ազգի ու հայրենիքի շահը կարող են զուտ հաճոյանալու համար ծառայեցնել օտարին ու այդ թվում նաև ռուսին, բայց ոչ պակաս դեստրուկտիվ են նրանք, ովքեր իրենց ամբիցիաներից կամ էլ գրանտային հաշիվներից դրդված՝ մղում են մեզ արկածախնդրության ու մեզ համար անհամաչափ քայլերի։
Ժողովուրդ, ասածս խաղն այնպես է դասավորվել, որ մենք հիմա հսկայական կախման մեջ ենք օտարներից ու հատկապես Ռուսաստանից։ Գյումրիում ստեղծված իրավիճակը բերեց զարգացումների, որոնց մեծ մասը ես ողջունում եմ ու շատ ճիշտ եմ համարում, բայց եղան ու հիմա էլ կան նաև անցանկալի զարգացումներ։ Օրվա հրամայականը պետք է լինի հանրային ադեկվատությունն ու մեր պահանջների ողջամտությունը։ Մոռացեք, որ ռուսները ծնկաչոք ներողություն են խնդրելու մեզանից, մոռացեք, որ անգամ այս ողբերգությունից հետո Հայաստանն ինչ-որ բաներ է թելադրելու Ռուսաստանին։ Ինչո՞ւ. որովհետև Ռուսաստանն աշխարհակալ տերություն է, իսկ մենք՝ էլ ոչ։
Ռուսաստանն արդեն իսկ գնում է իր համար աննախադեպ զիջումների, ու դա կարելի է տեսնել անգամ Պուտինի հայտարարության ու ռուսական լրատվամիջոցներում՝ այս թեմայի անդրադարձներում փոփոխված տոնայնության մեջ, բայց պետք չէ այս տակտիկական հաղթանակներից կորցնել իրականության զգացումն ու փորձել Ռուսաստանին պատին դեմ տալ։
Այս ողբերգության հանգուցալուծումը պետք է լինի կոմպրոմիսային, ու ցանկացած պարագայում կտրականապես չի կարելի մտնել սուր կոնֆրոնտացիայի մեջ ռուսների հետ՝ քթներիցս կգա, վստահեցնում եմ ձեզ։ Բայց հարցը մենակ այն չէ, որ քթներիցս կգա, հարցն այն է, որ մեր ազգային շահերից է բխում, որպեսզի սուր հակադրվելու փոխարեն մենք ընտրենք սերտ համագործակցությունը, որովհետև դա ոչ միայն կգնահատվի մեր դաշնակցի կողմից, այլև շատ ավելի արդյունավետ կծառայի մեր շահերին ու ոչ միայն այս հարցում։