Մարինե Հովհաննիսյան՝ Արմեն Հովհաննիսյանի մայրը. «Արմենս այնքան սիրուն, փարթամ երեխա էր, որ ծնվեց… Բոլորն ասում էին՝ առանձնահատուկ տղա է, տարբեր հիվանդասենյակներից գալիս էին, որ տեսնեն տղայիս… Երեք քույրերից հետո Արմենիս ծնունդը, իրոք, երջանկացրեց բոլորիս։ Հայրը ցնծում էր, պապիկը, տատիկը… Այնքան երկար էինք սպասել Արմենին։ 18 տարեկանում մահացած հորեղբոր անունն էինք դրել։ Գուցե դա էր պատճառը, որ պապն ու տատը, հայրն անսահման էին սիրում Արմենիս…
Իմ տղան սովորական տղա էր իր հասակակիցների նման։ Արմենիս սիրում էին և՛ դպրոցում, և՛ շրջապատում։ Շատ ընկերներ ուներ, շատ-շատ։ Զորակոչվելուց առաջ նշիկները վիրահատեցինք։ Հիվանդասենյակի դուռը չէր փակվում, ընկերները մեկը մյուսի հետևից գալիս-գնում էին։ Իմ տղան իր վրա պատասխանատվություն վերցնող տեսակ էր, վճիռներ կայացնող, համախմբող… Ավարտական դասարանում էր, երբ ստիպված էինք փոխել մեր բնակարանը և տեղափոխվել Ավան։ Արմենս, բնականաբար, պիտի փոխեր դպրոցը։ Ասաց՝ չեմ ուզում թողնել ընկերներիս… Ու մի խանութում ընդունվեց աշխատանքի, որ Ավանից Նորքի զանգվածի դպրոց հասնելու ուղեվարձը մեզնից չվերցնի…
Գիտեք, հիմա ես երկու մարդ եմ դարձել, մեկը ես եմ, որ ապրում եմ իմ ահռելի ցավի մեջ, մյուսը նա է, ով խոսում է ձեզ հետ… Ով գնում է ստանալու իր որդու «Արիության մեդալը», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալը… Ով քայլում է, ժպտում է, պատմում է։ Ձեզ հետ սուրճ է խմում…»:
Կարդացեք այստեղ