1in.am-ը գրում է․

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Հայաստանի կառավարության պարտատոմսերի վարկանիշը՝ «Ba2»-ից դարձնելով «Ba3»: Փոխվել է նաև կանխատեսումը՝ նախկին «կայունի» փոխարեն դարձել է «բացասական»:
Այս վարկանիշի վրա հիմնականում ազդեցություն է ունեցել Հայաստանի արտաքին խոցելիությունը, որը պայմանավորված է Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումների, փոխարժեքի անկայունության և գերզգայունության, արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշման հետ: Պարտատոմսերի վարկանիշն իջել է նաև այն պատճառով, որ երկրում ներդրումային ակտիվություն չկա, և կա ԵՏՄ-ից դուրս գտնվող երկրների հետ առևտրի հնարավոր սահմանափակումների ռիսկ:
Նման զարգացումը կանխատեսելի էր, վերջին 3-4 ամիսներին մենք տեսնում էինք անկայունությունը, որը պետք է դրսևորվեր նաև այս կերպ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության (ներդրումներ արտաքին շուկայում) տնօրեն Սամսոն Ավետյանը:
«Սա մեր կողմից այդքան էլ մեծ քայլ չէ, քանի որ յուրաքանչյուր կապիտալ, որ օգտագործում է նման տիպի ծառայություններ՝ օգտագործում է խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ, արտասահմանյան կենսաթոշակային ֆոնդեր: Սա այն կապիտալն է, որի պահանջարկը Հայաստանն այդքան էլ չունի, սրանք ուղղակի տնտեսության մեջ ներդրումներ չեն տարբեր գործարանների կողմից, որոնք աշխատատեղեր կստեղծեն: Սա կապիտալ է, որն ուղղվում է դեպի պետություն և կառավարություն, որը կառավարությունը ծախսում է»,- հայտնեց Ավետյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում տեսանելի էր, որ պարտատոմսերը պահանջարկ չեն պարունակում, դրա համար պետք է բարեփոխումներ արվեն տնտեսության կառուցվածքային համակարգում. «Այս տիպի հոսքերի կրճատումն, իհարկե, լավ բան չէ, սակայն չեմ կարծում, որ նման տիպի կապիտալ մեզ պետք է»:
Մեր զրուցակիցը նշեց, որ միջազգային տնտեսությունը և Հայաստանի տնտեսությունը ցիկլիկ անկման գործընթացում են, սակայն որոշ ժամանակ անց կբարձրանա, կտրուկ տատանումներ չեն լինի, իսկ այստեղ ամենակարևորն այն է, որ կառուցվածքային բարեփոոխումներ լինեն՝ տնտեսության մրցունակությունը, արտաքին և ներքին մրցակցությունը բարձրացնելու համար:
«Եթե նման քայլեր արվեն, իհարկե՝ վարկանիշը կբարձրանա, իհարկե՝ վարկանիշը ցիկլիկ առումով չի իջեցվի, որ տատանումը մեծ չլինի, բայց բարձրացումն ավելի դժվար կլինի»,- ընդգծեց նա:
Հավելենք նաև, որ գործակալությունը նվազեցրել է նաև տեղի արժույթով պարտատոմսերի և դեպոզիտային «առաստաղների» վարկանիշները՝ «Baa3»-ից հասցնելով «Ba1»-ի, արտարժույթով պարտատոմսերի «առաստաղը»՝ «Ba1»-ից «Ba2»-ի, ինչպես նաև արտարժույթով դեպոզիտի «առաստաղը»՝ «Ba3»-ից «B1»-ի:



