‎...ափսոս, որ հասարակ քաղաքացու ճակատագրով ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն չի արտահայտի, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություններ չի տարածի, ՀՀ դատախազությունն էլ դժվար թե որևէ պատասխանատվություն կրի կատարած սխալի համար, ինչի արդյունքում, դատելով ՄԻՊ հայտարարությունից, ՀՀ քաղաքացին 6 ամիս անիրավ կերպով կտրվել է ընտանիքից, հարազատներից, գործից... ու՞մ է հարկավոր հասարակ քաղաքացին Հայաստանում, ու՞մ է հետաքրքրում հասարակ հայաստանցու ճակատագիրը... ու՛մ

Կից նյութը`

ՀՀ գլխավոր դատախազությունն ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն, ուր մտահոգություն է հայտնվում այն փաստի առնչությամբ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 6 ամիս շարունակ կալանքի տակ է պահել մի քաղաքացու, որի գործն ուսումնասիրելով` ՄԻ Պաշտպանը հայտնաբերել է դատախազության կողմից իրականացված մի քանի խախտումներ։

Ստորև ներկայացնում ենք Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը.

«2011թ. հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության երկու աշխատակիցներ ՀՀ քաղաքացի Սամվել Սուվարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին:

Պատճառն այն էր, որ Ուկրաինայում Սուվարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Սամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել 6 ամիս շարունակ, որի ընթացքում նրա կալանքի ժամկետը 4 անգամ երկարացվել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազությունը սպասում է Ուկրաինայի դատախազության կողմից տվյալ գործով քրեական նյութերին: Վեց ամիս հետո կալանավորին բաց են թողել քրեական նյութերի բացակայության պատճառով:

Իրեն 6 ամիս անհիմն կալանքի տակ պահելու խնդրով Սամվել Սուվարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելով` Պաշտպանը հայտնաբերել էր դատախազության կողմից իրականացված մի քանի խախտումներ։

Այսպես, Արթիկի բաժնի աշխատակիցները Սուվարյանին ձերբակալել և բերման են ենթարկել 2011թ. հունվարի 21-ին, սակայն միայն հինգ օր հետո «Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի որոշմամբ Սուվարյանը ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ կալանքի որոշում առկա չի եղել: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ դեպքում չի նախատեսում ձերբակալված անձին կասկածյալի կարգավիճակում 72 ժամից ավել անազատության մեջ պահելու հնարավորություն։

Բացի այդ, 2011թ. հուլիսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ստացվել է գրություն, ըստ որի Ուկրաինայի դատախազությունը հայտնել է, որ գործի ուսումնասիրության արդյունքում բացակայում են Սամվել Սուվարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հիմքերը: Սակայն Սուվարյանին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է միայն 2011թ. հուլիսի 14-ին՝ 14 օր անց»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել