Երկու ռուս զինվորականի հետ վիճաբանություն է եղել Գյումրու Ռիժկովի փողոցում և հարթվել է, զինվորականները, ասում են, խմած են եղել, նրանք արդեն իրենց զորամասում են, «Առավոտ», «Գալա»). Հարգելի հայրենակիցներ և մանավանդ գյումրեցիներ, իրավիճակն իսկապես լարված է, բոլորս էլ լարված ու զայրացած ենք, շատերի նյարդերը կարող են տեղի տալ, այս կամ այն առիթով կամ պատահական վեճի բռնվել, ինչ-որ մի բան անել, որ ծանր հետևանքներ ունենա, քան ենթադրվում է: Հիմա, երբ հանրությունը ցույց տվեց, որ չի նահանջում իր հայրենակիցների շահերի պաշտպանությունից, երբ բողոքը տեղ է հասցված ՀՀ իշխանություններին, իսկ վերջիններս որոշ փոխզիջումով խոստացել են քայլեր կատարել այդ պահանջների կատարման համար, և սպասողական դրություն է, չափազանց կարևոր է, որ կամք և համառություն դրսևորենք՝ թույլ չտալու համար որևէ բան, որ շանս կտա ՀՀ իշխանություններին կամ ՌԴ իշխանություններին (կամ որևէ այլ մեկին) խափանել պահանջի կատարումը, արդար դատաքննությունը: Բացառված չէ, որ կլինեն դիտավորյալ հրահրումներ հայ-ռուսական ինչ-ինչ բախումների՝ դրանից բխած հետևանքներով (պարետային ժամ, արտակարգ դրություն, և այլն): Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ եմ անում ՀՀ պետական, մարզային և քաղաքային իշխանություններին. 1. Ստեղծել ճգնաժամային կառավարման կենտրոն, շտաբ կամ դրա նման մի բան, ուր հրատապ կերպով հոսի քաղաքից, զորամասերի հարակից տարածքներից, ոստիկանությունից, բժշկական, շտապ օգնության, արտակարգ իրավիճակների ծառայություններից, զորամասերից, էլցանցից, գազի և այլ ծառայութնուններից եկող տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում՝ կայացվեն հրատապ կարգավորիչ որոշումներ և այլն: 2. Հրատապ և արտակարգ ջանքեր ներդնել, հրավիրել ՌԴ բազայի հրամանատարությանը և հորդորել կամ պահանջել առայժմ արգելել իրեն զինվորականներին դուրս գալ զորամասերից և անգամ ամենաանմեղ նպատակով շփվել քաղաքացիների հետ, կարծում եմ՝ կհասկանան: Դուրս գալու ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հավաստիանալ, որ անզեն են ու բոլոր դեպքերում բոլոր տեղաշարժերի մասին տեղեկացնեն ՀՀ ոստիկանությանը, ապա միայն տեղաշարժվեն ՀՀ տարածքով, թեկուզ քաղաքում մեկ խաչմերուկ: 3. Գյումրու ռուսական սպայական ավանում (8-րդ ավան), խստացված շուրջօրյա ոստիկանական բացահայտ հսկողություն սահմանել բոլոր խաչմերուկներում: 4. Նույն ավանում, մերձակա թաղերում, ռուսական այլ զորամասերի հարակից հատվածներում ապահովել կենսապահովման բոլոր օբյեկտների նորմալ գործունեությունը, որ զինվորներն ու ռուս զինվորականների ընտանիքները կարողանան ազատորեն ու առանց հեռանալու հոգալ իրենց բոլոր կենսական կարիքները (խանութներ, դեղատներ, բենզալցակայաններ և այլն): 5. Գյումրիում հնարավորինս շատ տեղերում խուլ թաղամասերում, նրբանցքներում, գիշերները չլուսավորվող հատվածներում ոստիկանական հսկողություն սահմանել, կարծում եմ՝ ոստիկանությունը բավարար միջոցներ ունի: Անհնարինության դեպքում տեղեկացնել հանրությանը, որպեսզի ինքնակազմակերպվեն և պարեկային ջոկատներ ստեղծեն: 6. Տեղի ունեցող իրադարձությունների և կատարվող աշխատանքների մասին բացատրական աշխատանքներով և հաղորդումներով հանդես գալ տեղական հեռուստատեսային և ռադիո ալիքներով: Հանրությանը կոչ եմ անում և խնդրում եմ զգոն լինել, համբերատար, սառնասիրտ, ուշադիր լինել բոլոր արտասովոր անցուդարձների, մարդկանց, զինվորականների, ավտոմեքենաների նկատմամբ, բոլոր արտասովոր դեպքերի և երևույթների ու դեպքերի մասին տեղեկացնել միմիանց, վստահելի մարդկանց, իշխանություններին, դուռ-լուսամուտ փակ պահել: Բոլորն խնդրում եմ սա խուճապի հայտարարության տեղ չդնել, սա կանխարգելիչ տագնապ համարեք, գուցե ռիսկերը գերագնահատում եմ, բայց ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել: Համապատասխան ընկերներին խնդրում եմ սա փոխանցել նաև Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի բոլոր ռեսուրսները պատրաստ են ներդրվել, եթե պետք կլինի: Ով համաձայն է՝ խնդրում եմ տարածել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10205732171812932?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել