7344491in.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` 2 և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացի բացատրություն է տվել, որ նախքան «Քաջարանի բժշկական կենտրոն» բժշկական կենտրոն դիմելը «հեպատիտ c» հիվանդության վարակակիր չեն հանդիսացել, սակայն նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իրենց մոտ «հեպատիտ c» է ախտորոշվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել