- Անձրևի տակ կանգառում ավտոբուսի սպասելիս սեփական անձրևանոցդ պահիր կողքիդ թրջվող անծանոթի գլխին։ Դուք երկուսով էլ կտեղավորվեք դրա տակ, եթե, իհարկե, անծանոթը չափազանց հաստագլուխ կամ չափազանց գեր չէ։
- Օգնիր հավաքել կոպեկները, որոնք պատահաբար թափվել են կողքինիդ դրամապանակից։ Միայն թե հանկարծ չտրվես գայթակղությանն ու վերցրածդ կոպեկները սեփական գրպանդ չդնես՝ ասելով «Ով առաջինը վերցրեց, նրանն է»։
- Մի՛ խնայիր անձեռոցիկդ, երբ կողքդ ինչ-որ մեկը ֆսֆսացնում է քիթը։ Պարզապես զգուշացրու նրան, որ շատ բարձր չխնչի ականջիդ տակ։
- Գարեջուր hյուրասիրիր բարի անկյունում միայնակ ու տխուր նստած անծանոթին։ Եթե հանկարծ խոսակցության բռնվեք, ու պարզվի, որ նա տհաճ անձ է, կարող ես սպասել, մինչև նա մի լավ հարբի, իսկ հետո հեռանալ առանց հաշիվը փակելու։ Սակայն այդ դեպքում դու ոչնչով չես տարբերվի նրանից, ուստի մանրախնդիր մի՛ եղիր, փակի՛ր հաշիվը։

- Անկեղծ եղիր դիմացինիդ հետ։ Եթե տեսնում ես, որ նա հիմարություններ է դուրս տալիս, այդպես էլ ասա նրան։ Եթե անկեղծությունդ չգնահատվի էլ, գոնե հետագայում գլուխդ կազատես հիմարություններ լսելուց։
- Եթե տեսնում ես, որ ընկերդ չի հասցնում ավարտել սկսած նախագիծը, որի վերջնաժամկետը շուտով լռանալու է, օգնիր նրան։ Եթե ինքդ էլ գլուխ չհանես, ու կարգին բան դուրս չգա, գոնե վեճերի ժամանակ երեսով տալու բան կունենաս։
- Երբ ինչ-որ ծերունի է բարձրանում գերծանրաբեռնված ավտոբուս, նեղ արա, տեղ արա, եթե, իհարկե, ծերունին շատ կերած-խմած չէ։ Հակառակ դեպքում քաղաքավարությունից ելնելով՝ ստիպված ես լինելու լխճված գնալ ողջ ճանապարհը կամ էլ տեղիցդ վեր կենալ, որ ինչ-որ ծերունի լենուբոլ նստի։
- Եթե ինչ-որ ռեստորանից պատվիրածդ խաչապուրու մեջ մազ ես հայտնաբերել ու ապահովության համար հավերժացրել ես մազոտ խաչապուրին ֆոտոխցիկի միջոցով, ըմբռնումով մոտեցիր ու մի հրապարակիր լուսանկարը սոցցանցերում ու տարբեր կայքերում։ Պարզապես տեղեկացրու տվյալ ռեստորանի ղեկավարությանը պատահածի մասին։ Այդպես դու կկարողանաս առնվազն մի քանի անգամ անվճար նախաճաշել ռեստորանի ղեկավարության հաշվին՝ պարբերաբար շանտաժի ենթարկելով նրանց։
- Վերջին խորհուրդը։ Շատ լուրջ մի՛ ընդունիր նախորդ խորհուրդները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



