1in.am-ը գրում է․
«Այս դեպքով էլ բոլորը լավ ճանաչեցին գյումրեցիներին: Գյումրեցիները վրդովված են, որովհետև սա առաջին դեպքը չէր, որ Գյումրիում եղավ: 16 տարի առաջ Գյումրիում նույն զորամասի ռուս զինվորները քաղաքում նմանատիպ ջարդ կազմակերպեցին և 16 տարի հետո 7 հոգանոց ընտանիքից վեց հոգին գազանաբար սպանվեցին քնած վիճակում». «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ հավելելով, որ երեկ թաղման ժամանակ ամբողջ Գյումրին ոտքի էր կանգնել, և դրանից հետո բողոքը բնական էր:
Նրա գնահատմամբ՝ երեկ բողոքի ցույցին կային սադրիչներ, լարվածությունը արհեստականորեն մեծացնողներ: «Փառք Աստծո, որ կարողացանք մեր գյումրեցիներին հանդարտեցնել: Այսօրվա խաղաղ վիճակը երևի թե դրա հավաստիքն է, որ գյումրեցիները հավատացին, գյումրեցիները վստահեցին: Այն, ինչ իրենք ուզում էին տեսնել և լսել, ես գնացի իմ աչքերով տեսա և մեր գյումրեցիներին փոխանցեցի»,- հավելեց նա՝ անդրադառնալով Պերմյակովին տեսնելուն:
Նա նշեց, որ իրենք խուց չեն մտել, պարզապես խցի անցքից տեսել են նրան։ «Ոչ մի խոսակցություն, ոչ մի բան չի եղել, ընդամենը մենք խցի դռանց անցքից կոնկրետ տեսել ենք, որ ինքը Գյումրիում է, 102-րդ ռազմաբազայում է, մեկտեղանոց խցում մենակ ինքն էր: Տեղում էր ՀՀ քննչական կոմիտեի տեղակալը, մեզ այնտեղ դիմավորել և ուղեկցել է, գնացել ենք, տեղում տեսել»,- ասաց նա:
Գյումրեցիների երկրորդ պահանջը, նրա խոսքերով, ՀՀ գլխավոր դատախազի՝ Ռուսաստանի դատախազին ուղղված դիմումն էր: Չնայած Կոստանյանը խոստացավ, որ գրությունը կգրի, բայց ցուցարարները պահանջում էին հենց հիմա, ինչը տեխնիկապես անհնար էր, որ հենց հիմա կազմակերպվեր: Արդյունքում, նրա խոսքերով, գլխավոր դատախազը նորից իր շեշտեց, որ ինքը պատրաստ է, բայց ժամանակ է պետք՝ փաստաթղթերը նախապատրաստվեն, փաստաթղթերը պատրաստ լինեն, որ կարողանա դրանից հետո իրենց գործողություններն իրականացնել:
Դիտարկմանը, թե Գևորգ Կոստանյանն այդպես էլ չտվեց պատասխան, որ Պերմյակովը իր պատիժը ՀՀ տարածքում կկրի, Մարտուն Գրիգորյանը նշեց, որ գյումրեցիների ցանկությունն էր հենց երեկ բերել դրան հրապարակում վառել կամ ոչնչացնել, բայց կա օրենք, և ամեն ինչին պետք է օրենքով գնահատական տրվի:
«Գլխավոր դատախազն ասաց, որ ընթացքն այստեղ է լինելու, բայց յուրաքանչյուր քայլ պայմանավորվածության արդյունքում պետք է լինի: Հերթականությամբ պետք է պայմանավորվածություն ձեռք բերել: Երեկ ես ժողովրդին խնդրել եմ, ժողովրդի հետ հանդիպել և ասել եմ, որ համբերատարությամբ հետևեն: Մենք պահանջատեր ենք և էլի մնում ենք պահանջատեր, ուղղակի չխանգարենք, թող համապատասխան կառույցները զբաղվեն: Եթե նրանց արածը մեզ դուր չի գալիս, եթե զգում ենք, որ մեր դիրքերը զիջում ենք, եթե զգում ենք, որ մեր պահանջները չեն կատարվում, ապա այդ ժամանակ նոր կտեսնենք, թե ինչ կարող ենք անել: Գյումրեցիները վճռական էին տրամադրված, իրենք ևս մեկ անգամ շեշտեցին, որ պահանջատեր են լինելու և հետևելու են, թե ինչ է կատարվելու»,- հավելեց նա:
Այսօր հավանաբար որևէ բողոքի ակցիա Գյումրիում չի լինի. «Երեկ ես ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ էլ ոչ մի բանի կարիք չկա, ինչ անելու լինենք խանգարելու ենք ընթացքին այս ամեն ինչով»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:
Նա վստահ է, որ երեկվա ակցիայում կային սադրիչներ, գյումրեցիների վրդովմունքն օգտագործվեց:
Իսկ արդյո՞ք ՀՀ պատկան մարմինները հավուր պատշաճի արձագանքեցին. այս առնչությամբ նա նկատեց. «Մի բան կուզեմ, որ բոլորն իմանան, որ յուրաքանչյուր մանրուք, անտեսում, արհարմարում յուրաքանչյուր շարքային գյումրեցի նկատում է և լավը դրականորեն է ընդունում, իսկ վատը՝ բացասաբար, և վերջում դա ժողովրդի մեջ դառնում է ագրեսիա: Գյումրեցին իրեն այսօր զգում է լքված ու մենակ, և ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք և մեր ուժերը կենտրոնացնենք Գյումրիի վրա, որպեսզի գյումրեցիների մեջ հավատը գոնե մի փոքր վերականգնվի»:



