«ՀՀ-ՌԴ հարաբերությունները գործընկերայինից անցել են վասալային հարաբերությունների». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)Panorama.am-ը գրում է․

«Միջպետական պայմանագրերն ավելի մեծ իրավական կարգավիճակ ունեն, քան օրենքները: Հետևաբար, հայ-ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրի կետերը պետք է կիրառվեն, ոչ թե ՌԴ օրենքները»,-հայտարարեց Աժ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ լրագրողներին հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Գյումրիում հայկական ընտանիքի սպանդն իրականացրած Պերմյակովի գործով քննությանը:

Մարտիրոսյանը վարկած առաջ քաշեց, որ հանցագործին ՀՀ իրավապահներն են հայտնաբերել և ավելի վաղ, քան հայտնի է: Ըստ պատգամավորի՝ սահմանն անցնելու հետ կապված գաղափարը հետո է առաջարկվել, որպեսզի հնարավոր լինի հիմնավորել քննության հանձնումը ռուսական կողմին. «Մեր ուշադրությունը պետք է կենտրոնանա մեր իշխանությունների վրա: Մենք նույնիսկ ցավակցական խոսք չենք լսել ՀՀ նախագահից»:

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին՝ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները գործընկերայինից անցել են վասալային հարաբերությունների. «Իրավական առումով խնդիր չեմ տեսնում, որպեսզի գործի քննությունը հանձնեն հայկական կողմին»:

«Մենք պարտավոր ենք պահանջել, որպեսզի մեր հանդեպ արժանապատիվ վերաբերմունք լինի», հայտարարեց դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: 

Ըստ նրա՝ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես պետք է դիմի ՌԴ համապատասխան մարմիններին. «Եթե համատեղ քննչական մարմին եք ստեղծել, բարի եղեք՝ ժողովրդին դա բացատրել: Մենք գոնե իրենց փոխարեն պայքարենք մեր արժանապատվության համար:
«Պահակակետ ուղարկում են այն անձանց, ովքեր ունեն հոգեկան հավասարակշռություն: Նա գնացել է ծրագրավորված գործունեության: Այս վարկածը պետք է մինչև վերջ տանել»:

«Եթե այլ երկիր զինվոր ես ուղարկում, պետք է ավելի ուշադիր լինել, թե ում ես ուղարկում»,- նշեց հրապարակախոս Սեդա Վերմիշևան: 

«Մենք պետք է պահանջներ ներկայացնենք ՌԴ-ին: Վստահ եղեք՝ ինչպես մենք ենք դիմում մեր իշխանություններին, այնպես էլ ռուսներն են դիմում իրենց իշխանություններին, նամակներ հղում: Ընդհանուր համակարգում մեկ տարրը չի կարող չհամապատասխանել ամբողջ համակարգին: Կամ պետք է համապատասխանի, կամ կվերանա»,-պարզաբանեց Սեդա Վերմիշևան:

Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն և ՌԴ-ն պետք է վերաշարադրեն ռազմական պայմանագրի դրույթները, որով կասկածելի անձինք ՀՀ չգան ծառայելու: Բացի այդ, պատգամավորը նշեց, որ պետք է տեխնիկապես բազան այնպես հագեցված լինի, որպեսզի անցակետով լինի կապն արտաքին աշխարհի հետ. «Խնդիրը նաև մեր մեջ պետք է փնտրենք: Պետք է հասկանանք՝ արդյո՞ք այնպես ենք անում, որ ՌԴ-ն պահպանի ՀՀ հետ հարաբերությունները»:

Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ-ից պահանջները պետք է հստակ լինեն: Մասնավորապես, անհրաժեշտ է պարզաբանել՝ ով է Պերմյակովը, ինչպիսին է կարգապահությունը բազայում, պետք է փաստաթուղթ ձևավորվի այդ հարցով.
«Պետք է քննարկվի հարաբերությունները տեղական իշխանությունների հետ, որոնք պետք է բազայի ներքին կյանքին տեղյակ լինեն»:

Ինչ վերաբերում է իրավապահների աշխատանքներին՝ Սարգյանն ասաց, որ պետք է արտահայտվեր իրավապահների աշխատանքի բարձր մակարդակը. «Ի՞նչն ենք շահարկում, շահարկողները դուք եք: Մենք խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք դուք չեք կարողանում լուծել: Առաջին հերթին պետք է նայենք՝ ուր ենք տանում մեր երկիրը»:

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մեր ժողովուրդը պահանջատեր է: Այս ամենի մեջ մի լուսավոր կետ կար: Այդ լուսավոր կետը Սրբազան Աջապահյանն էր»:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել