Մեծ Բրիտանիայում ճարպակալման հետ կապված հիվանդություններ ունեցող մինչև 5 տարեկան երեխաները հաշմանդամության նպաստ են ստանում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 16 տարեկանից ցածր 50 բնակչի տրամադրվել է նպաստ: Սա նշանակում է, որ հարկատուների վճարած հարկերից նպաստի տեսքով տարեկան 378 625 դոլար է տրամադրվել այս երեխաներին։ Այս հիսուն երեխաներից տասը հինգ տարեկան էլ չկային, քսանը հինգից տասնմեկ տարեկան էին և մյուսը քսանը՝ տասնմեկից տասնվեց տարեկան։
Ստեղծված իրավիճակն առաջացրել է մի շարք քաղաքացիների դժգոհությունը։ Ըստ Աշխատանքի ու թոշակների նախարարության տվյալների՝ 2013/14 թթ. մինչև 16 տարեկան 2,290 երեխա ստացել է հաշմանդամության նպաստ մետաբոլիկ հիվանդությունների համար։ Նպաստառուների ցուցակում հաշվառված էին մինչև 5 տարեկան 630 երեխա և ևս 50 երեխա, ում մոտ ախտորոշվել էր ճարպակալում։
Մետաբոլիկ հիվանդությունները հիմնականում կապված են նյութափոխանակության խանգարումների հետ։ Այդ հիվանդություններից թերևս ամենահայտնին շաքարախտն է։ Մետաբոլիկ հիվանդություններից շատերը կապված են ճարպակալման հետ, շատերն էլ սրվում են ճարպակալման հետևանքով։ Այնումենայնիվ, գոյություն ունեն որոշ մետաբոլիկ հիվանդություններ, որոնք պայմանավորված են ժառանգական գործոններով։ Ճարպակալման ազգային ֆորումի նախագահ Թեմ Ֆրայը նշել է, որ մտահոգիչ է, որ որևէ երեխա պաշտոնապես համարվում է այնքան գեր, որ հարկ է լինում նրան հաշմանդամության նպաստ հատկացնել։ Նա նշել է.
Փոխանակ անենք ամեն ինչ, որպեսզի երեխաներն այդ աստիճան չգիրանան, մենք չափորոշիչներ ենք սահմանում գեր երեխաների համար, որոնց համապատասխանող երեխաները նպաստ են ստանում։ Մենք չենք կարողանում վերահսկողության տակ պահել մեր երեխաների քաշի ավելացումը։ Անգամ եթե նրանք ժառանգական կամ մետաբոլիկ հիվանդություն ունեն, քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի թույլ չտանք նրանց այդքան գիրանալ։ Երեխաները խոցելի են, ու այս վիճակը ծնողների կողմից անտեսված լինելու հետևանքով է առաջացել։ Առողջապահության պատասխանատուները նույնպես պետք է միջամտեն, նախքան իրավիճակն այդքան կսրվի։

Հաշմանդամության նպաստը, որի չափը տատանվում է շաբաթական 32-210 դոլարի սահմաններում, հատկացվում է լրացուցիչ խնամք կամ հենաշարժողական խնդիր ունեցող երեխաներին։ Նպաստի հստակ չափը որոշվում է՝ կախված առողջական խնդիրների լրջությունից։ Նպաստը տրվում է երեխաների խնամակալներին՝ անկախ վերջիններիս եկամտի չափից։ Մինչև 16 տարեկան բրիտանացիներից 6,240 մարդ չափազանց գիրության համար 48 միլիոն դոլարի նպաստ են ստանում։ Ուշադրություն դարձրեք, որ նպաստը հատկացվում է ոչ թե սոսկ գեր, այլ գիրության հետ կապված առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։ Այնուամենայնիվ, սոսկ նպաստ հատկացնելը դեռևս բավական չէ, պետք է լուրջ միջոցառումներ իրականացնել նմանօրինակ գիրությունը կանխարգելելու համար։



