1in.am-ը գրում է․

170

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիում բնակվող քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

-Պարոն Համբարյան, Գյումրիի «պայթյունը» ինչո՞վ էր պայմանավորված: Եվ սա արդյոք կլինի վերջի՞նը, թե՞ գործողության քայլեր դեռ կլինեն:

-Խնդիրը հետևյալն է.այս պայթյունն ունի իր պատմությունը, որովհետև ռուսական բազայի կենտրոնատեղին լինելով հանդերձ՝ Գյումրին նաև առնչվում է բազայի հետ կապված բոլոր հանցագործություններին, որոնք տեղի են ունենում ոչ միայն բազայի ներսում, այլև բազայից դուրս: Այսինքն՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողները, հանցագործություններ գործելով քաղաքում, իրենց դեմ են հանում քաղաքի բնակչությանը: 1999թ.-ին Գյումրիում մի քանի ռուս հարբած զինծառայողներ շուկայի մոտ անկանոն կրակահերթ բացեցին՝ 1 հոգի մահացավ, 7 հոգի ծանր վիրավորվեց: Դրանից հետո ռուս զինվորականները միշտ էլ սկանդալային իրադարձությունների մեջ են եղել. մեկ վրաերթ՝ մահվան ելքով, սարսափելի ավտոպատահարներ, անփութության հետևանքով նախանցյալ տարի Վահրամաբերդ գյուղի երկու մանկահասակ երեխաներ զոհվեցին:Երբ նրանք զորավարժություններ էին անցկացնում գյուղի մոտակայքում, և լիովին չէին հավաքել պայթուցիկ նյութերը, արդյունքումականը պայթեց, և երկու երեխա մահացավ:

Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ռազմաբազան «գործող օրգանիզմ է», ինքնըստինքյան լինում են թե՛ հանցագործություններ, թե՛ դեպքեր, բայց գյումրեցիները և Շիրակի բնակիչները բացարձակ չեն տեսել, թե այդ հանցագործները ինչպես են պատժվել կամ որտեղ են կրում իրենց պատիժը: Բոլորս էլ համոզված ենք՝ հանցագործություն գործած ռուս զինվորականները շատ արագ, օպերատիվ դուրս են բերվում Հայաստանի տարածքից և հենց Ռուսաստանում էլ չեն կրում իրենց պատիժը:

Այս դեպքը ուղղակի ցնցեց քաղաքը, որովհետև սա ահաբեկչության նման մի բան էր: Սա ահաբեկչություն էր քաղաքի բնակչության նկատմամբ, և դեռ ռուսական կողմի այդ ագրեսիվ պահվածքը, երբ իրենց զինվորականին առան տարանիրենց մոտ և պահեցին: Արդեն քաղաքում գիտեն, որ նրանք պատրաստվում են մարդասպան, մանկասպան տականքին շատ արագ երկրից դուրս հանել: Քաղաքը սա արդեն չէր կարող ներել, և քաղաքը պահանջեց ՀՀ իշխանություններից, որպեսզի իշխանությունները կանգնեն այս ամենի ետևում և պահանջատեր լինեն: Մոսկվան գնաց մի փոքր զիջման՝ մեր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի շուրթերով հայտարարեց, որ նրան կդատեն ՀՀ տարածքում: Իհարկե, դա չի բավարարում գյումրեցիներին, և երեկվա իրադարձություններն արդեն ցույց տվեցին, որ Գյումրին կգնա մինչև վերջ, քանի որ այն, ինչ գործեց այդ հանցագործը, աններելի է: Այլ բան է չափահաս մարդու, նույնիսկ կնոջ վրա ձեռք բարձրացնելը, բայց սպանել երկու տարեկան աղջնակի և դանակահարել 6 ամսական երեխայի՝ սա արդեն աններելի է:

Բացի դրանից, Գյումրին պահանջում է նաև օբյեկտիվ հետաքննություն, որովհետև ոչ ոք չի հավատում, որ 3-4կմ անցած ռուս զինվորականը մտել է այդ տուն՝ ջուր խմելու, և դրա պատճառով արթնացրել է տան տերերին ու վկաներ չթողնելու պատճառով բոլորին սպանել: Այդ սուտը, հիմարությունը կարող է անցնել իրենց մոտ, գյումրեցիները դա կուլ չեն տա:

-Սա կարո՞ղ է լռեցնել մարդկանց, թե՞ այսօր էլի ինչ-որ բաներ սպասվո՞ւմ են:

-Էլի եմ ասում, որ գյումրեցիները բավականին երկար տարիներ ներել են, բայց սա աններելի է: Մենք էլ պետք է հասկանանք, որ մեր մաքսիմալիստական պահանջները կարող են նաև չբավարարվել ռուսական կողմից: Բայց միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ քաղաքի բնակչությունը, մենք՝ որպես գյումրեցիներ, պետք է պահանջենք, ինչն իր արդյունքը քիչ թե շատ տվել է: Այնքանով է տվել, որ ռուս հանցագործը դեռ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Ես չեմ ասում, որ մենք պետք է դրանով բավարարվենք, բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով նախկին պրակտիկան, պետք է նշեմ, որ սա էլ է ձեռքբերում, որովհետև ռուսական կողմը միշտ իր մարդասպաններին տանում էր, իսկ գործերն էլ ծածկադմփոցի էր անում,և ոչ ոք չէր իմանում: Հիմա ես չեմ պատկերացնում, որ Գյումրին կլռի: Իհարկե, Սրբազանը, մեր պատգամավորները, այն քաղաքական գործիչները որոնք գտնվում էին Գյումրիում, ամեն ինչ անում էին՝ հանդարտեցնելու համար: Դուք միևնույն ժամանակ պատկերացրեք, որ հանրահավաքի ակտիվ մասնակիցների ակտիվ մասը սպանվածի բարեկամներն են, որոնք իրոք պահանջում են օբյեկտիվ քննություն: Այդ պայմանագրով, իհարկե, կա կետ, որի համաձայն՝ ռուսական կողմը առաջնային է դիտում իր օրենքների խախտումը, բայց եթե նայում ես պահակակետի լքելը, զենքով դուրս գալը քաղաք, դրանք էլ են հանցագործություններ ռուսական կողմի համար, բայց դա չի կարող համեմատվել այն հանցագործության հետ, որ ինքը գործեց ՀՀ տարածքում և ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

-Նշեցիք, որ համբերության բաժակը լցվել է, հնարավո՞ր է, որ պահանջ դրվի ընդհանրապես 102-րդ բազան Հայաստանից դուրս բերելու հարցը:

-Ինձ թվում է՝ այդ պահանջը չի դրվի, որովհետև, ցավոք սրտի, ռուսական ռազմաբազայի առկայությունը ՀՀ տարածքում ապահովում է մեր անվտանգությունը ևս և Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում: Այդպիսի պահանջ չի դրվի, բայց ռուսական կողմը և պաշտոնական Երևանը պետք է շատ լավ հասկանան, որ եթե հանկարծ ժողովրդի պահանջը չկատարվի, ես չեմ ասում՝ ամբողջությամբ, բայց գոնե մեծ մասամբ, չենք ասում՝ ռուսական կողմը չմասնակցի այդ դատավարությանը, ինքն էլ պետք է մասնակցի, բայց գերադասելի է, որ ռուսական կողմը հանձնի մարդասպանին հայկական կողմին, որովհետև ինքը շատ լավ պետք է հասկանա, որ վաղը-մյուս օրը նույն քաղաքի բնակիչները կարող են շատ վատ վարվել ռուս զինվորականների հետ, ովքեր ազատ շրջում են մեր քաղաքում, և ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքի բնակիչներին, որ իրենք վատ են վերաբերվում ռուս զինվորականին: Դուք Երևանում նստած կարող է՝ շատ բան չգիտեք, բայց ես, որպես գյումրեցի, նշեմ, որ ռազմաբազայի դիմաց գտնվող շենքերի բնակիչները ուղղակի պահում են ռուս զինվորականներին: Ռուս զինվորականները այդպիսի մի օր չկա, որ չգնան դիմացի թաղամասերի տները և ուտելիք չուզեն: Մենք վատ չենք եղել,մենք, որպես գյումրեցիներ, շատ բան ենք ներել նրանց՝ հասկանալով, որ նրանք անհրաժեշտ են մեր երկրին ու հայրենիքին, բայց այդ հանցագործությունը պետք է անպայման օբյեկտիվ քննություն ստանա ու պարզվի, թե ով է կանգնած այդ ամեն ինչի հիմքում: Սա ամենաառաջինը պետք է բխի Մոսկվայի շահերից: Մոսկվան պետք է շատ շահագրգռված լինի այն հարցում, թե ինչն էրկատարվածի պատճառը, որի արդյունքում հանրապետությունում և առավել ևս՝ Գյումրիում հակառուսական տրամադրությունները այդպիսի աճ արձանագրեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել