Մաունթ Սինայ հիվանդանոցում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Լավադո տեսակի կակաոն թույլ չի տալիս, որ ուղեղի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցներ հավաքվեն և նյարդային բջիջներին վնաս պատճառեն, ինչի արդյունքում Ալցհեյմերի հիվանդությունն է ի հայտ գալիս:

Լավադո տեսակի կակաոն նյարդադեգեներատիվ հիվանդությունները կանխարգելելու հատկություն ունեցող պոլիֆենոլներով և հակաօքսիդանտներով է հարուստ։

Գիտնականները նաև կակաոյի այլ` «Հոլանդացի» և «Բնական» տեսակների հնարավորություններն են ստուգել, սակայն պարզվել է, որ օպտիմալ լուծումը հենց Լավադոն է առաջարկում: Մասնագետները, մասնավորապես, նեյրոնների հյուսվածքային միավորները` սինափսներն են ուսումնասիրել, որոնց թերի աշխատանքը հիշողության կորստի է բերում: Գիտնականների համոզմամբ, առավել հեռանկարային է սինափսները փրկել, քան նեյրոննները:

Առողջ նեյրոնային ուղու վրա գտնվող նյարդային բջիջներից յուրաքանչյուրը նեյրոհաղորդիչների արտազատման հրահանգ պարունակող էլեկտրական իմպուլս է հաղորդում: Այդ հաղորդիչներն անցնում են սինափսներով և հաղորդագրություն փոխանցում: Սակայն Ալցհեյմերի հիվանդության պարագայում սինափսները խցանվում են սպիտակուցներով և նյարդային շղթայի աշխատանքը խախտում:

Բժիշկները համոզված են, որ Լավադոյի հիման վրա կարելի է արդյունավետ դեղամիջոց մշակել` ամենավաղ փուլերում ախտորոշված Ալցհեյմերի հիվանդության արդյունավետ, անվտանգ և էժան բուժման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել