Երկրորդ աշխարհամարտից հետո մի քանի մեծ ողբերգություններ են տեղի ունեցել, որոնք համաշխարհային ռեզոնանս են ունեցել, ու դրանց բոլորին միավորում է մեկ բան. բոլոր դեպքերում մեղավոր են եղել զինվորականները։ Ձեզ ենք ներկայացնում ամենաաղմկահարույց ողբերգությունները, որոնք տեղի են ունեցել զինվորականների պատճառով։
1. Կործանիչներն ու «մոլորված» հրթիռը
1954 թվականի հուլիսի 23-ին չինական կործանիչները, կարծելով, որ գործ ունեն լրտեսական ինքնաթիռի հետ, խոցեցին Հոնգ Կոնգի ուղևորափոխադրող DC-4 ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվեց 10 մարդ։
1962 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցավ այդ պահի դրությամբ ԽՍՀՄ-ի խոշորագույն ավիովթարը. Տու-104 ինքնաթիռը սկսեց կտրուկ իջնել թռնելուց մեկ ժամ անց ու բախվեց գետնին։ Արդյունքում մահացան բոլոր 84 ուղևորներն ու անձնակազմը։ Հետագայում հայտնի դարձավ, որ այդ ժամանակ Մագանսկի մոտ անց էին կացվում ՀՕՊ զորքերի ուսումնական վարժանքներ, որոնց ժամանակ արձակված հրթիռներից մեկը «մոլորվել» էր ամպրոպի պատճառով ու ուսումնական թիրախից անցել էր ուղևորափոխադրող օդանավի նշանառմանը ու խոցել էր այն։
1968 թվականի սեպտեմբերի 11-ին Միջերկարական ծովում՝ Նիցցայից ոչ հեռու, զենիթային հրթիռով խոցվեց SE-210 Caravelle III ինքնաթիռը։ Լևան կղզու մոտ այդ պահին անց էին կացվում ռազմական վարժանքներ... Այդ ողբերգությունը խլեց 95 մարդու կյանք։
2. Նավիգացիոն սխալներ
1973 թվականի փետրվարի 21-ին լիբիական ավիաընկերությանը պատկանող Բոուինգ 727 ինքնաթիռը նավիգացիոն սխալի պատճառով սկսեց մոտենալ Սինայի թերակղզում գտնվող իսրայելական ավիաբազային։ Օդ բարձրացված իսրայելյան կործանիչներն ընդունեցին քաղաքացիական ինքնաթիռը եգիպտական ինքնաթիռի տեղ (Եգիպտոսն այդ պահին պատերազմում էր Իսրայելի դեմ), որը գրավվել է ահաբեկիչների կողմից։ Քանի որ օդանավի օդաչուները չհամաձայնվեցին հարկադիր վայրէջք կատարել, ինքնաթիռը խփվեց, ինչի արդյունքում զոհվեց 216 մարդ։
1978 թվականի ապրիլի 20-ին հարավկորեական Բոուինգ 707-ը շեղվեց իր ուղեծրից ու մտավ ԽՍՀՄ օդային տարածք՝ Կարելիայի մոտ։ Արհամարհելով օդ բարձրացված կործանիչի օդաչուի պահաջները՝ վայրէջք կատարելու վերաբերյալ, ինքնաթիռը շարունակեց թռիչքը, ինչի արդյունքում կրակ բացեց խորհրդային Սու-15 ինքնաթիռը, ինչից հետո կորեական ինքնաթիռի օդաչուները ստիպված էին վայրէջք կատարել Կորպիյարվի լճի սառույցի վրա։ Ի դեպ, կործանիչի վարած կրակի արդյունքում ինքնաթիռը կորցրել էր թևի մի մասը, ինչը ռադարների վրա ընկալվել էր որպես թևավոր հրթիռի արձակում։ Այն ոչնչացնելու համար օդ բարձրացվեց ևս մի Սու-15, որը և խոցեց թիրախն օդի մեջ։ Այս միջադեպի արդյունքում զոհվեց երկու ուղևոր։
1980 թվականին հունիսի 27-ին իտալական ուղևորափոխադրող DC-9-ը հայտնվեց ՆԱՏՕ-ական ու Լիբիական կործանիչների օդային մարտի գոտում՝ Տիրենյան ծովի վրա և ոչնչացվեց ենթադրաբար ֆրանսիական կործանիչի կողմից արձակված հրթիռով։ Զոհվեց 81 մարդ։
3. Ոչնչացնե՛լ սահմանախախտին
1983 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ ամենաաղմակահարույց ողբերգություններից մեկը։ Հարավկորեական Բոուինգ 747 ինքնաթիռը խախտեց ԽՍՀՄ օդային սահմանը ու խոցվեց Սու-15 կործանիչի կողմից, ինչի արդյունքում զոհվեց 269 մարդ։
«Ես տեսնում էի, որ առջևիցս ընթանում է հենց այդ օտարը։ Չէ՞ որ ես ճանապարհային ոստիկան չեմ, որպեսզի կանգնեցնեմ խախտողին ու պահանջեմ նրա փաստաթղթերը։ Ես թռնում էի նրա հետևից, որպեսզի կասեցնեմ նրա թռիչքը, - հիշում է կործանիչի օդաչու Գեննադի Օսիպովիչը, - Առաջինը, ինչ ես պետք է անեմ, ստիպեմ, որ խախտողը վայրէջք կատարի կամ էլ ամեն գնով կասեցնեմ նրա հետագա թռիչքը։ Այլ մտքեր ես այդ պահին պարզապես չէի կարող ունենալ։
Այնպես որ, մոտենալով՝ ես նրան վերցրեցի իմ ռադիոտեղորոշիչ նշանոցի մեջ, ու միանգամից սկսեցին վառվել հրթիռների տեղորոշման ազդանշանները։ Ինքնաթիռից 13 կիլոմետր հեռավորության վրա ես զեկուցեցի. «Թիրախը վերցված է, հետևում եմ նրան, ի՞նչ անել»։ Երկրից ինձ պատասխանեցին. «Թիրախը խախտել է պետական սահմանը։ Ոչնչացնել թիրախը...»։
Առաջին հրթիռը խփեց սահմանը խախտող ինքնաթիռի պոչին ու դեղին բոց բռնկվեց։ Երկրորդ հրթիռը պոկեց ձախ թևի կեսը, ինչից անմիջապես հետո հանգեցին ինքնաթիռի լուսավորությունն ու լուսային ազդանշանները...»։
1993 թվականի հունիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի միջազգային հանձնաախումբը հրապարակեց զեկույց, որում եկել էին այն եզրակացությանը, որ ԽՍՀՄ ՀՕՊ-ը համարում էր, որ իրենք ոչնչացնում են ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռը, որը նույնպես նկատվել էր այդ գոտում։ Բանն այն է, որ այդ տարածքը հարուստ էր գաղտնիքներով. Սախալին կղզու վրա գտնվում էր 6 ռազմավարական բազա ու ռազմածովային կենտրոն, իսկ Օխոտյան ծովում հերթապահություն էին իրականացննում խորհրդային ատոմային սուզանավերը, որոնք զինված էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։
Պատահական չէ, որ հենց հարավկորեական լայների թռիչքի ժամանակ այդ տարածքով երեք անգամ անցել է ամերիկյան հետախուզական «Ֆերրետ-Դ» արբանյակը, որը ֆիքսում էր խորհրդային ՀՕՊ-ի ակտիվացման պարամետրերը։ Ուստի կան բոլոր նախադրյալները՝ ենթադրելու, որ կորեական Բոուինգն այնտեղ էր հայտնվել ամերիկացիների սադրանքի արդյունքում ու այսպես ասած «հետախուզություն՝ մարտով» էր իրականացնում։
4. Պաշտպանություն հավանական հարձակումից
1988 թվականի հուլիսի 3-ին իրանական Էյրբաս Ա-300-ը խոցվեց ամերիկյան «Ուինեսննես» ռազմանավից արձակված երկու զենիթային հրթիռներով, ինչի արդյունքում զոհվեց 290 մարդ։ Դրանից առաջ՝ հունիսի 8-ին, նույն ռազմանավը՝ ուժ կիրառելու սպառնալիքով, ստիպել էր, որպեսզի մեկ այլ ուղևորափոխադրող քաղաքացիական ինքնաթիռ փոխի իր ուղղությունը, ինչի արդյունքում քիչ էր մնացել, որ օդում երկու քաղաքացիական ինքնաթիռների բախում գրանցվեր։
Հետագայում ռազմանավի հրամատարը հայտարարեց, որ ինքնաթիռը չէր պատասխանել հարցադրումներին ու այն դրել էին Իրանի ՌՕՈւ կործանիչի տեղ և ոչնչացրել էին։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն այս առնչությամբ հայտարարել էր, որ հրթիռներն արձակվել էին անհրաժեշտ պաշտպանության նպատակով, որպեսզի թույլ չտրվի հավանական հարձակում։
Հետաքրքիր է, որ ավելի վաղ նույն վաշինգթոնյան ադմինիստրացիան զարմանք էր արտահայտում, թե ինչպես կարող էր ԽՍՀՄ-ը շփոթել քաղաքացիական ինքնաթիռը ռազմականի հետ։
5. Կովկասյան գործեր…
1992 թվականի մայիսի 9-ին տեղ գտավ միակ դեպքը, երբ զինվորականների մեղքով տեղի ունեցած օդային միջադեպը երջանիկ ավարտ ունեցավ. հայկական Յակ-40 ինքնաթիռը, որը Ստեփանակերտից Երևան փախստականների էր տեխափոխվում, օդում խոցվեց ադրբեջանական Սու-25-ի կողմից, սակայն անձնակազմը կարողացավ վայրէջք կատարել։ Ոչ ոք չզոհվեց, սակայն ինքնաթիռը լրիվ այրվեց։
1993 թվականի սեպտեմբերի 21-ին՝ վրաց-աբխազական կոնֆլիկտի ժամանակ, աբխազական մոտորանավակից արձակված տեղափոխվող զենիթային հրթիռային համակարգից խոցվեց վրացական Տու-134 ինքնաթիռը, որն այդ պահին գտնվում էր Սուխումի մոտակայքում։ Զոհվեց 25-28 մարդ։
Հաջորդ օրը կրկին մոտորանավակից խոցվեց մեկ այլ վրացական քաղաքացիական Տու-154 ինքնաթիռ։ Այս անգամ օդաչուներին հաջողվեց իջեցնել ինքնաթիռը, բայց այն դուրս եկավ թռիչքուղու սահմաններից ու հրդեհվեց։ Արդյունքում մահացավ 154 մարդ։
Նույն օրվա երեկոյան ևս մեկ Տու-154 հրթիռակոծվեց վայրէջք կատարելիս, բայց հրթիռը շեղ անցավ։
6. Թիրախի փոփոխություն ու փորձարկումներ
2001 թվականի հոկտեմբերի 4-ին ռուսական Տու-154 ինքնաթիռը խոցվեց ուկրաինական ՀՕՊ-ի Ս-200 համակարգից արձակված հրթիռով Սև ծովի վրա, ինչ արդյունքում զոհվեցին բոլոր 66 ուղևորներն ու 12 հոգանոց անձնակազմը։
Ֆեոդոսիայի վրայով թռնելու պահին ուկրաինացի զինվորականներն ուսումնական վարժանքներ էին անում՝ օդային թիրախներ հայտնաբերելու ու խոցելու գծով։ Չնայած այն հանգամանքին, որ սկզբում ռուսական ինքնաթիռի՝ զենիթային հրթիռով խոցվելու տարբերակը կտրականապես հերքվում էր Ուկրաինայի իշխանությունների ու զինվորականության կողմից, ծովի հատակից բարձրացված ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների մարմինները ցույց տվեցին, որ կիրառվել է հենց Ս-200 համակարգի զենիթային հրթիռ, քանի որ դրանց վրա բազմաթիվ կլոր անցքեր կային՝ հրթիռի խոցող էլեմենտներից առաջացած։
Բացի դրանից, օդանավի պայթյունի ու ամերիկացիների կողմից ֆիքսված հրթիռի խոցման պահերի միջև ժամանակային տարբերությունը ճիշտ և ճիշտ այնքան էր կազմում, որքան պահանջվում էր հրթիռին՝ ինքնաթիռին հասնելու համար։ Ի վերջո, ուկրաինական կողմը ստիպված էր ընդունել, որ հրթիռի կողմից ավտոմատ իրականացված թիրախի փոփոխությունն անօդաչու թռչող սարքից ինքնաթիռի՝ դարձել էր այս ողբերգության պատճառ։
2007 թվականին հունվարի 9-ին «Իրաքի իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորումը խոցեց մոլդովական ԱՆ-26 քաղաքացիական ինքնաթիռը, երբ վերջինս թռնում էր Բաղդադի վրայով։ Զոհվեց 34 մարդ։






