Տարին դեռ նոր է սկսվել, և ընդամենը մի քանի օր առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ականատեսն ենք դառնալու անմարդկային, վայրագ և անընկալելի դրսևորմանը… Այն, ինչ կատարվեց Գյումրիում, ցավալի է, զարհուրելի: Բայց անհրաժեշտ է փաստերն ու իրողությունները սթափ գնահատել և թույլ չտալ, որպեսզի հույզերը դառնան նոր ողբերգության պատճառ: Իրականում ի՞նչը կամ գուցե ո՞վ կարող էր դրդել ստոր արարած Պերմյակովին կատարել սառնասիրտ սպանություն:
Դեպքն առանձնահատուկ է նրանով, որ տվյալ հանցագործության մասով դատարանի կողմից չի կարող ընդունվել որևէ մեղմացնող հանգամանք կամ արդարացում, հատկապես հաշվի առնելով, որ մեղադրյալն անմեղսունակ չէ, և ավելին՝ անմեղ զոհ են դարձել երկու տարեկան փոքրիկ, իսկ 6 ամսական մանկիկի կյանքը մազից է կախված:
Ինչպե՞ս կարող էր մի ամբողջ ընտանիք կոտորվել այն անձի կողմից, ով իրականում կոչված էր, այդ թվում նաև, տվյալ մարդկանց անվտանգությունն ապահովելու գործին ծառայելուն: Կարծիքներն ու մեկնաբանությունները կարող են տարբեր լինել՝ արտաքին ուժերի պատվերի իրականացում, պահի տակ կատարված չգիտակցված դաժանագույն արարք կամ վրեժ, բայց մեկ բան հստակ է՝ իրականությունն անհրաժեշտ է բացահայտել անաչառ և կարճաժամկետ քննության միջոցով, և նշվածի կարևորությունը կայանում է միայն նրանում, որ հանցագործը կամ հանցագործներ ենթարկվեն արժանի պատժի, այլ որպեսզի հնարավոր լինի բացառել հետագայում նմանօրինակ երևույթների կրկնությունը, ինչպես նաև վերացնել դրանց առաջացման նախապատճառները:
Այս առումով շատ կարևոր էր և նաև տրամաբանական երեկ Գյումրիում ծնված ինքնաբուխ, արդարացված երթը, ցույցը, որն արտացոլում էր մեր ազգի և հատկապես տվյալ պարագայում՝ գյումրեցիների միասնականության, համախմբման և ընդհանուր գաղափարի ու նպատակի շուրջ հավաքվելու հայ տեսակի գենետիկ և բարձրարժեք կամային հատկությունների դրսևորումը: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչպես կարող են որոշ մարդիկ իրենց անձնական ամբիցիաներն առաջ մղելով, ըստ էության, բավական նուրբ մոտեցում պահանջող խնդիրն արտահայտելու, պահանջը ներկայացնելու, իրավունքը պահանջելու ճանապարհին մեկտեղված մարդկանց շարքերից հանդես գալ խառնակիչ գործողություններով:
Նման դրսևորումներ, իհարկե, գրեթե անհնար է կանխարգելել, քանի որ դժվար է նաև վերահսկել մարդկանց ստվար զանգվածների, ճիշտ և կազմակերպված ուղղորդել իրենց դեպի սահմանված նպատակը: Բայց ցավալի է, երբ գերխնդիրը կարծես կորցնում է կարևորությունը, և մարդիկ սկսում են շարժվել բոլորովին այլ ուղղությամբ: Անխոս դատապարտելի է նմանատիպ սադրիչների վարքը և նաև ուսանելի շատերիս համար, քանզի Գյումրիում տեղի ունեցած ցույցի արդյունքում եղան վիրավորներ և ձերբակալվածներ: Իհարկե, իրավիճակն ի վերջո հանդարտվեց, բայց նշված անցանկալի հետևանքներով:
Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, հանուն արդարության պետք է նշել, որ այս անգամ վերջիններս գործում էին իրենց իրավասության սահմաններում, իհարկե, մի փոքր հապավումով. կիրառվեցին հատուկ միջոցներ, ինչն իր հերթին պայմանավորված էր որոշ սադրիչների առաջխաղացումը կանխելու հանգամանքով, այլապես շատերը կհամաձայնեն, որ արդյունքում շատ ավելի վատ պատկեր կունենայինք:
Արձանագրենք, որ մի քանի մարդկանց ջանքերի շնորհիվ նաև հնարավոր դարձավ խուսափել իրավիճակի սրացումից: Անշուշտ, բարձր գնահատանքի են արժանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ մարդկանց հանդարտեցնելու և ճիշտ ուղղորդելու ջանքերը: Իսկ Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի մասին թող դատեն իրենք՝ գյումրեցիները: Փաստն այն է, որ տվյալ քաղաքի համար առավել կարևոր և ծանր պահին տեղի իշխանությունները դրսևորեցին անտարբերություն, որի պտուղներն իրենք, անխոս, դեռ կքաղեն:
Ռուսական կողմի դիրքորոշումը հասկանալի է և բնական: Իրենք իրենց հովանավորության տակ են առել իրենց քաղաքացուն, զինվորին: Բայց իրենք ևս հասկանում են, որ միայն արդարացի քննության և դատավարության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել մեր ժողովրդի՝ վերջինիս հանդեպ հնարավոր բացասական տրամադրվածության և հակակրանքի առաջացումից: Այդուհանդերձ, անհրաժեշտ է զգոն և հետևողական լինել, որպեսզի ռուսները չմոռանան, որ բոլոր դեպքերում իրենք գործ ունեն Հայաստանում կատարված և շատ ծանր հանցագործության հետ:
Միևնույն ժամանակ, մեր իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այս հարցում գոնե իրենց և ժողովրդի շահերը մեկտեղվեն, հաշվի առնվի հատկապես գյումրեցիների կամքը, և արդարությունը թափանցիկ լինի բոլորիս համար: