Slaq.am-ը գրում է․
Դերասան Վարդան Պետրոսյանը նախորդ տարվա օգոստոս ամսին 20 000 դոլար գումար է տվել իր մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների ընտանիքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Վարդան Պետրոսյանը այն բանից հետո, երբ տուժող կողմը հայտարարեց, որ պնդում է իր ներկայացրած քաղաքացիական հայցը, որով Վարդան Պետրոսյանից պահանջում է 10.5 միլիոն դրամ Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար եւ 2.5 մլն դրամ դատական ծախսերի համար։
«Ես միշտ կողմ եմ եղել հաշտեցմանը։ Մարդը, որ կողմ է հաշտեցմանը, միշտ փնտրում է առիթ, իսկ մարդը, որ դեմ է հաշտեցմանը, փնտրում է պատճառներ։ Չէի ուզի խոսել այս ամեն ինչի մասին, բայց պարտավոր եմ, որովհետեւ գումարի կոմպենսացիա եղել է, որը էլի նշեմ, չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը։ Իմ հարազատները տուժող կողմին առաջարկել են քսան հազար դոլար եւ պայմանավորվել են, որ եթե լինի հաշտություն, ոչ մի գումար չի պահանջվելու։ Ես էլի համաձայն եմ, դուք եք դիմել դատարան, եւ ինչ դատարանը կորոշի, այդքան էլ կվճարեմ, բայց մինչ այդ, ես ավելի շատ եմ առաջարկել, չեք ուզել, ուզում եք դատարանով ինձանից պոկել, պոկեք»,-ասաց Վարդան Պետրոսյանը։
Տուժող Արթուր Հակոբյանի կինը՝ Նաիրա Հայրապետյանը, հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը սխալ է ներկայացնում կատարվածը, եւ ներկայացրեց կատարված իր վարկածը։
«Գումարը մեզ տրամադրել են այն պայմանով, որ այդ մասին փաստաբանները չեն իմանալու, եւ դա մեր արված ծախսերի համար է, նույնիսկ ասեցին, որ հաշվեք՝ այդ գումարը ինչ-որ մեկը դրել է պատուհանին, գնացել է, դուք չգիտեք՝ ով է տվել, ինչու է տվել։ Ես էլ իրենց ասել եմ, որ Տաթեւի համար հայցով դիմելու եմ դատարան, որովհետեւ այդ երեխան բուժման կարիք ունի»,-ասաց Նաիրա Հայրապետյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



