Հույզերով գյումրեցիների հետ եմ՝ ամբողջությամբ կիսելով նրանց պահանջները, հասկանալով նրանց ցասումը: Մի բան միայն ինձ տխրեցրեց, անկեղծորեն տխրեցրեց: Գյումրիի ողբերգությունը, ոճրագործին Հայաստանում ու մեր օրենքներով պատժելու պահանջը միավորել է բոլորիս՝ անկախ մասնագիտությունից ու քաղաքական հայացքներից, ու տխուր էր հետևել, թե ինչպես են մարդիկ քար նետում ծառայություն իրականացնող ոստիկանի ուղղությամբ: Մարմնական ծանր վնասվածք ստացած ոստիկանը մեր եղբայրն է, մեզանից մեկը, նա կատարում է իր մասնագիտական պարտականությունները, կատարում է զուսպ ու արժանապատվորեն, Գյումրիի սպանդի համար ցավում է գուցե ավելին, քան քար նետողներից շատերը, ոճրագործի արդարացի պատիժը, անկասկած, ցանկանում է, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Երեկ Գյումրիում ոստիկանությունը չի պաշտպանել որևէ մեկի հատվածական քաղաքական շահը, չի եղել իշխանության կամ որևէ կուսակցության պաշտպանության դիրքերում: Գյումրիում ոստիկանությունը պաշտպանել է կարգ ու կանոնը, հավաքվածների, մյուսների անվտանգությունը: Արդ, ոստիկանի ուղղությամբ քար նետողը միայն դիտողության ու պարսավանքի է արժանի: Ցասումը, արդար ու սուր բողոքը պետք չէ շփոթել անարխիայի հետ, Գյումրիում կանգնած ոստիկանի մեջ պետք է տենել մեզանից մեկին՝ սգի մեջ հայտնված ու պահանջատեր հային: Արագ ապաքինում եմ մաղթում այն ոստիկաններին, ովքեր երեկ վնասվածներ են ստացել, հանիրավի, բայց անտրտունջ շարունակում են հավատալ իրենց երկրին ու ծառայել հասարակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել