Ռուսաստանի հյուպատոսության և Շիրակի մարզի դատախազության առջև գյումրեցիների բողոքն ավարտվեց բախումներով: Արդյունքում եղան ավելի քան 14 վիրավորներ և 13 բերման ենթարկվածներ: Հարց է առաջանում, թե ինչու այդպես ստացվեց:

Չէ՞ որ հավաքված բազմության մեջ ընդգրկված էին մտահոգ, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող մարդիկ, ովքեր դուրս էին եկել հայի իրավունքը պաշտպանելու և փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել ու համբերատարությամբ սպասում էին իրենց առաջ քաշած խնդիրների լուծմանը:

Բայց բողոքի ընթացքում նկատվում էին նաև իրավիճակի նկատմամբ ոչ ադեկվատ մոտեցում ունեցող անձինք, որոնք հակված էին սադրիչ գործողությունների և ամեն ինչ անում էին իրավիճակը լարելու և սրելու համար: Երբ բողոքի ընթացքում գլխավոր դատախազը փորձում էր բացատրել զարգացումների իրավական բնույթն ու հնարավոր եղանակները, որոշ անձինք քարեր էին շպրտում նրա ուղղությամբ ու բղավելով խոչընդոտում նրան ելույթ ունենալ, մինչդեռ այն երկխոսությունը, որը պահանջում էին հավաքվածները, այդ պայմաններում չէր կարող տեղի ունենալ:

Հասկանալի է, որ մարդկանց մեջ զայրույթ կար, սակայն պետք է պահպանել սթափ գիտակցելու ունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել