Այս տարի Շվեդիայի «Icehotel» (թարգմանաբար՝ սառցե հյուրանոց) ամենամյա ցուցահանդեսի 25-ամյակն է նշվում։ Սա մշակութային ու ճարտարապետական յուրօրինակ ցուցահանդես է։ Յուքքարսավի քաղաքում ամեն տարի նկարիչ-քանդակագործներն ու ճարտարապետները համագործակցում են սառույցից հյուրանոցային համարներ կառուցելու համար։ Ամենալավն այն է, որ այցելուները կարող են գիշերել սառցե հյուրանոցային համարներում։ Անշուշտ, պետք է համապատասխան հագուստ կրել ցրտից պաշտպանվելու համար։ Այնուամենայնիվ, շատ մտահոգվելու կարիք չկա։ «Icehotel»-ի պատասխանատուներն ասում են. «Անկախ նրանից, թե որքան կցրտի դրսում, համարների ներսում -7ºC-ից ավելի ցածր ջերմաստիճան չի գրանցվի»։ 

Որոշ զույգեր անգամ իրենց հարսանիքն են այստեղ անում։ Ճիշտ է, առաջին ամուսնական գիշերը խորհուրդ չի տրվում հանվել։ Ավելի լավ է այսպիսի տաքուկ հագուստով պարզապես ամուր գրկեք իրար ու մուշ-մուշ քնեք։

Այս հարսիկն ավելի համարձակ է գտնվել ու անթև զգեստով ոտք դրել սառցե հյուրանոց։ Նրա օրինակին հետևել չարժե։ Ցուցահանդեսի կազմակերպիչները վարձով հատուկ տաք հագուստ են տրամադրում ինչպես հարսին ու փեսային, այնպես էլ հարսանքավորներին ու սովորական այցելուներին։ 

Քանի որ նույնասեռական ամուսնությունները Շվեդիայում օրինականացվել են դեռևս 2009 թ.-ից, այս հյուրանոցներում անցկացվում են նաև նույնասեռականների հարսանիքները։ 

Հարսանիքի ճաշկերույթը ևս ապահովվում է հյուրանոցի անձնակազմի կողմից։ Դեռ ավելին, հյուրանոցի անձնակազմը անգամ ՔԿԱԳ աշխատակցի հետ է համագործակցում, ով հարկ եղած դեպքում գալիս է հյուրանոց՝ ամուսնությունը գրանցելու համար։ Ձեզ մնում է ապահովել միայն թամադայի ներկայությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել