1in.am-ը գրում է․

Երեկ գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 38 մարդ, որոնցից երկուսի մոտ ատրճանակ է հայտնաբերվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Թվով 21 անձ բերման էր երթարկվել նաև Գյումրիից, ովքեր ևս ազատ են արձակվել: Սակայն նրանցից 19-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների մասին:
Ահարոնյանի խոսքով՝ գիշերը ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիի բաժիններ բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել: «Ժամը 2:00-ի դրությամբ և Երևանի, և Գյումրիի բաժիններից բոլորն ազատ են արձակվել»,- ասաց Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել 3 քաղաքացի, որոնք ևս ուշ երեկոյան արդեն իսկ բաց են թողնվել:
Աշոտ Ահարոնյանը նաև նշեց, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորված և Երևան տեղափոխված ոստիկանը գիշերը ենթարկվել է գլխի վիրահատության:



